Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին են գործում և մտադիր են քաղաքական դաշտն իրենց տիրապետության տակ պահել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին են գործում և մտադիր են քաղաքական դաշտը իրենց տիրապետության տակ պահել։ Ըստ պատգամավորի՝ սա երկուսի կողմից լավ մշակված ծրագիր է։

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Քանի որ մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի՝ կապված ժողովրդավարության հետ, դրա հետևանքով էլ նախընտրական այս փուլը նորմալ ընթացքի մեջ չէ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի կիսում Զարուհի Փոստանջյանի դիրքորոշումը։ Խոսելով ՀՀԿ-ի նախընտրական աշխատանքների մասին՝ նա նշել է, որ իրենց կուսակցությունում այդ ընթացքը նորմալ է։

«Առայժմ աշխատանքներն ընթանում են սկզբնական կառույցներում, որտեղ տեղի են ունենում ժողովներ, ընտրվում են սկզբնական կառույցների ղեկավարներ, իսկ դեկտեմբերի 15-ին պատրաստվում ենք կուսակցության 14-րդ արտահերթ համագումարին, որի գլխավոր թեման հենց 2013 թվականի նախագահական ընտրություններն են»,- ասել է Սահակյանը:

Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ասել է. «Պետք է ԲՀԿ-ն դեռ կողմնորոշվի, թե ինքը որ դաշտում է գտնվում։ Այս պահին նա ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդիմություն»:

Տեսանյութեր

Լրահոս