Փոստանջյանն՝ ընդդեմ ֆեոդալացնողների և ֆեոդալների

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտնի հարցազրույցին ԱԺ հայտարարությունների ժամանակ ամենասուրն արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Հարգելի պարոն Քոչարյան, այդ ֆեոդալացման հեղինակներից և ֆեոդալացնողներից  մեկն էլ Դուք եք: Այդ ֆեոդալներից մեկին Դուք եք ուղարկել ԱԺ, ով մշտապես բացակայում է ԱԺ նիստերից»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա է, որպես կանոն, բացակայում ԱԺ նիստերից:

Փոստանջյանը հիշեցրեց, որ այդ ֆեոդալական համակարգի մաս կազմող ԱԺ-ն մերժեց «Ժառանգության» պատգամավորների կողմից ներկայացված «Հարսնաքարի» դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, քանի որ ֆեոդալական համակարգի ներկայացուցիչներից մեկը հանձնաժողովում կողմ քվեարկությամբ կարող էր ազդել, որ իրենց ներկայացրած նախագիծը դրական եզրակացություն ստանար և մտներ օրակարգ, բայց չարեց դա: Այս ակնարկն էլ վերաբերում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, ով ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի կեսից դուրս էր եկել՝ չմասնակցելով քվեարկությանը, հետագայում պատճառաբանելով, որ ուղիղ եթերի էր գնացել:

168.am-ը Զարուհի Փոստանջյանին հարցրեց, թե ինչո՞ւ են բանակցում ԲՀԿ-ի հետ, եթե համարում են, որ այն ղեկավարում է խոշոր ֆեոդալ, իսկ դրա անդամները ֆեոդալական համակարգի ներկայացուցիչներ են: «Տիկինը թակել էր մեր դուռը, ինչ է, չբացեի՞նք»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը նկատի ուներ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, քանի որ հենց նա էր Վարդան Օսկանյանի հետ երեկ հանդիպել «Ժառանգություն» կուսակցության երեք ներկայացուցիչների հետ:

Մենք փորձեցինք ճշտել նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքը, քանի որ Փոստանջյանի խոսքից ստացվում էր, որ նա անկոչ հյուրի դերում է եղել: Նաիրա Զոհրաբյանն, ի պատասխան, ասաց. «Մենք դիմել էինք «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին՝ համատեղ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով:

Երեկ տեղի է ունեցել իմ և ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, կուսակցության արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Ստյոպա Սաֆարյանի և մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Այդ հանդիպման մասին ամեն ինչ ասվել է, միայն ավելացնեմ, որ մեզ տեղեկացվել է, որ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը կարող են ներկայացնել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ արտաքին քաղաքական հարցերով՝ նաև Ստեփան Սաֆարյանը: Ասվածից ենթադրվում է, որ մնացյալն արտահայտում են, բացառապես, իրենց անձնական տեսակետը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս