Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար․ Ավինյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարճ անդրադարձ եղավ գերիների փոխանակման գործընթացին: Ավինյանը հիշեցրեց, որ այս շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակման առաջին փուլը, և, որ շարունակական աշխատանքներ են ընթանում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի ուղղությամբ.
«Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»:
Ավինյանն անդրադարձավ նաև Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և այդ հատվածից գերեվարված անձանց՝ նշելով, որ տվյալներն այս պահի դրությամբ ճշտվում են:
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»,- ընդգծեց Տիգրան Ավինյնաը:
Փոխվարչապետը մանրամասներ հայտնեց նաև Հին Շենի հատվածում իրականացվող գործընթացից, ինչպես նաև Սյունիքի մարզում տիրող իրավիճակից.
«Որոշակի լարվածություն եղել է նաև Հին Շենում, այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը, և նաև անկնկալում ենք, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես կունենանք վերջնական հանգուցալուծում: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ Պաշտպանության նախարարն այս պահին գտնվում է Սյունիքում: Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ, համոզված եմ, որ ՊՆ-ն օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականացնում»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ, և, որ սահմանապահ զորքերի ուժերն այս պահին տեղաբաշխում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով:
«Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և սահմանապահ ծառայության գործընկերների, և Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով, և խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ ՀՀ սահմանները, բնականաբար, ամուր և մեր Զինված Ուժերի կողմից վերահսկելի են, պատկան մարմիններն առիթ կունենան առաջիկայում դրա մասին հայտարարություններ անելու»,- եզրափակեց ՏԿԵ նախարարը: