«Ամեն մեկի ձեռքը մի բուռ հող են տվել, որովհետև գործ ունենք դավաճան իշխանության հետ». Նաիրա Զոհրաբյան
Երևանում այսօր ժամը 17:00-ին մեկնարկեց ընդդիմության կազմակերպած հերթական «Արժանապատվության երթը», որին կրկին հազարավոր քաղաքացիներ էին մասնակցում: Երթի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր հանդիպել է վերջին օրերին գերեվարված զինծառայողների հարազատներին, որոնց գերեվարման տեսանյութերը հայտնվել էին համացանցում, սակայն իշխանությունները հերքում են: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին:
«Հայաստանի, Արցախի իշխանությունները չկան, որ ասում էին՝ ադրբեջանական կայքերում տեղադրված տեսահոլովակը սուտ է, որ Հին Թաղերից և հարակից գյուղերից գերեվարվածներ չեն եղել… Այսօր հանդիպել եմ Շիրակի մարզի Ազատան համայնքի համայնքապետին և բնակիչներին, և նրանք հաստատել են, որ գերեվարված զինվորները հիմնականում Շիրակի մարզից են, որոնք 3 օր առաջ իրենց հետ կապի էին դուրս եկել և 3 օր հետո հայտնվել են շրջափակման մեջ, գերեվարվել են: Երկու օր է, որևէ մեկը չի կարողանում Հայաստանի ՊՆ-ից և Արցախի ՊԲ-ից ստանա մեկ հարցի պատասխան: Նիկոլ, որ դու ասում էիր՝ պարտադրված ստորագրել ես այդ թուղթը, որպեսզի պատերազմը կանգնի, և որպեսզի այլևս նոր զոհեր և գերիներ չլինեն, հիմա ինչո՞ւ չես մտնում քո սիրած լայվը և բացատրես այն ծնողներին, ում ասում էիր՝ ես արել եմ, որ 25 և 35.000-ին փրկեմ, ես արել եմ, որ նոր գերիներ այլևս չլինեն: Նիկոլ, դու ստախո՛ս ես, Նիկոլ, դու դավաճա՛ն ես, և քո փոքր մակետը Արցախում՝ Արայիկ Հարությունյանը, որ այսօր արդեն փորձում էր մեղքն իր վրայից թոթափել, ասելով, որ ինքը շատ բան տեսել է, բայց շատ բան չէր կարող որոշել: Տեսել էր, թող կանգներ, խոսեր պետական դավաճանության մասին, և ոչ թե՝ կատարեր բունկերում հայտնվելու իրավունք չունեցող որևէ անձի հրահանգները»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ Արցախում այս պահին իրավիճակը բավականին լարված է զոհված զինծառայողների հարազատների շրջանակում, քանի որ իրենց զավակների մարմինների փոխարեն նրանց մի բուռ հող են տվել.
«Ամեն մեկի ձեռքը մի բուռ հող են տվել, որովհետև մենք գործ ունենք դավաճան իշխանության հետ, և ուրեմն, եթե մենք ուզում ենք, որ այս արհավիրքը կանգնի, եթե մենք ուզում ենք փրկել Հայաստան պետությունը և Հայաստանի պետականությունը, դավաճան Նիկոլը պետք է հեռանա»:
Մանրամասները՝ տեսանյութում