«Կային օրակարգային ավելի հրատապ խնդիրներ՝  խոսակցությունը զարգացավ այլ ուղղությամբ». Նազելի Բաղդասարյանը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ նախնական տվյալների, փակ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է քննարկեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այսօր փակ նիստի օրակարգում հիմնականում պետք է քննարկվեր Ընտրական օրենսգիրքը, և դա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամները խորհրդարանում էին։

«Բայց քանի որ կային օրակարգային ավելի հրատապ խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացավ այլ ուղղությամբ։ Մասնավորապես՝ այն խնդիրները, որոնք վերաբերում են ներքաղաքական հարցերին, սահմանին վերաբերող իրավիճակին։ Նախօրեին գերիների մեծ խմբաքանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը, և, թե ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- նշեց Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ փակ հանդիպման նախաձեռնությունը եղել է խմբակցության կողմից։

Ինչ վերաբերում է Հին Թաղեր և Խծաբերդ համայնքներին և հարցին, ինչպե՞ս է ստացվում, որ այդ գյուղերը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշակի հատվածներում, որտեղ դեռ չճշտված մոտեցումներ կան՝ կապված նրա հետ, թե այդ տարածքների վերաբերյալ ինչ վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որը մենք հանգստյան օրերին ականատես եղանք,  բացառենք: Այս առիթով վարչապետն ուղիղ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ, և գործողությունների ու քայլերի տրամաբանությունը քննարկվում է։ Մեր ունեցած վերջին տվյալների համաձայն, այդ գյուղերը վերահսկվում են ռուս խաղաղապահների կողմից»,- փոխանցեց ԱԺ իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս