ԱՄՆ-ում գրանցվել է վայրի ջրաքիսի՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության ազգային լաբորատորիան հաստատել է վայրի բնության մեջ ապրող կենդանու՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման առաջին դեպքը. վիրուսը գտել են Յուտայի նահանգում, ջրաքիսի մոտ:
ԱՄՆ-ի կենդանիների եւ բույսերի առողջության տեսչական ծառայության (APHIS) հաղորդագրության համաձայն, որը զետեղվել է ProMED-mail հարթակի կայքում, հիվանդությունը հայտնաբերել են վայրի կենդանու մոտ՝ ջրաքիսի այն ֆերմայի շրջակայքում համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:
«Որքան մեզ հայտնի է, սա վայրի բնության մեջ գտնվող առաջին կենդանին է, որի մոտ հաստատվել է SARS-CoV-2-ը»,-ասվում է APHIS-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ դեպքի մասին տեղեկատվությունը հաղորդել են Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությանը: Դրա հետ մեկտեղ, APHIS-ի համաձայն, դեռ ապացույցներ չկան, որ COVID-19-ի հարուցիչը տարածվում է վայրի պոպուլյացիաներում, որոնք բնակվում են կորոնավիրուսի հաստատված դեպքեր գրանցած ջրաքիսի ֆերմաների մերձակայքում:
COVID-19-ը քանիցս հայտնաբերել են ջրաքիսի ֆերմաներում: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ SARS-CoV-2 վիրուս են գրանցել վեց երկրների՝ Դանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Շվեդիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի ջրաքիսների մոտ: Նոյեմբերի վերջին ջրաքիսների շրջանում կորոնավիրուս են հայտնաբերել Լեհաստանում, իսկ դեկտեմբերին՝ Լիտվայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: