Բաժիններ՝

Չանախի մեջ ցուպիկ կա, Լոռի կերեք

«Խնդիրներ շատ կան, ես միայն երկու ձեռքով կողմ կլինեի, որ պետությունը վերահսկողությունն իսկապես կատարեր»,- այս մասին, ըստ ԳԱԼԱ-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ խոսելով վերջին շրջանում պանրի արտադրության մեջ լաբորատոր ստուգումների արդյունքների մասին: Վերջինիս փոխանցմամբ` տեսչությունը մտել է մոտ 70 արտադրամաս և գրեթե բոլորի մոտ հայտնաբերել են աղիքային ցուպիկ:

«Խնդիրը բավականին լուրջ արմատներ ունի և Կառավարության կողմից նման շոու կազմակերպելը առնվազն լուրջ չէ»,- նշել է Գիգոյանը: Խոսելով ցուպիկի առաջացման մասին` վերջինս նշեց, որ ցուպիկն առաջանում է հիմնականում կաթից, ինչպես նաև ջրից և կեղտոտ ձեռքերով աշխատելուց:

Գիգոյանի հավաստմամբ` հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մինչև հիմա կաթի արտադրության ինստիտուտը չի ձևավորվել: Պանիր արտադրողների միության նախագահը շեշտեց, որ եթե լուրջ կազմակերպությունների մոտ խնդիրն առկա է, ուրեմն ոլորտը վերահսկելի չէ: Հիմնականում աղիքային ցուպիկը հայտնաբերվել է Չանախ տեսակի պանրում, պատճառը՝ պանրի առավել աղիությունն է:

Այնուամենայնիվ, Գիգոյանն ընդգծել է, որ Հայաստանը բացառիկ երկիր է աշխարհագրական տեսանկյունից , որի բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մրցունակ արտադրանք տալու: «Եթե մեր հարևաններն ունեն սև ոսկի, ապա մերը սպիտակ ոսկին է»,- հավելել է Գիգոյանը` Հայաստանի կաթը համարելով լուրջ լծակ:

«Եթե Չանախի մեջ են հայտնաբերել ցուպիկը, ապա Լոռի կերեք»,- հորդորել է պանիր արտադրողների միության նախագահը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս