«Վստահ չեմ, որ Ալիևը կցանկանա բանակցել Փաշինյանի հետ. դա կվնասի նրա վարկանիշին». Արտյոմ Տոնոյան

«Որպես մասնագետ, ով ամեն օր հետևում է ադրբեջանական մամուլին, հեռուստատեսությանը, տեղի ունեցողին, կարող եմ ասել, որ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվել Փաշինյանի հանդեպ՝ ադրբեջանական ռազմական վերնախավից սկսած՝ մինչև ամենահասարակ քաղաքացին: Ինչքանո՞վ է նպատակահարմար, որ հենց ինքը լինի գլխավոր բանակցողը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի անուններով է հիշատակել մեր երկրի ղեկավարին Ադրբեջանի նախագահը և չի ստացել որևէ պատասխան նույն այդ ղեկավարից, որը ցանկանում է շարունակել լինել գլխավոր բանակցողը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը:

«Ես վստահ չեմ, որ Իլհամ Ալիևը պատրաստ կլինի մի սեղանի շուրջ նստել ՀՀ ղեկավարի հետ՝ որևէ հարցում բանակցելու համար, որովհետև դա իր երկրի ներսում նախ և առաջ կազդի իր վարկանիշի վրա, որովհետև առաջին արձագանքը, որ լինելու է, մոտավորապես լինելու է այնպիսին, որ, եթե դուք այսպիսի անուններ էիք տալիս այդ մարդուն, հիմա ինչպե՞ս եք մի սեղանի շուրջ նստելու և բանակցելու: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելը, նախ և առաջ, վնասելու է հենց Իլհամ Ալիևի վարկանիշին, և ես քիչ հավանական եմ համարում, որ ինքը կցանկանա բանակցել»,- ընդգծեց նա:

Արևելագետի խոսքով՝ բնական է այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում. «Պարտված երկրի ղեկավարը մշտապես դառնում է ծաղրուծանակի առարկա՝ հաղթող երկրի հասարակության և ռազմական ղեկավարության համար: Մենք կարող ենք համեմատել և տեսնել, թե ինչպիսին է եղել իրավիճակը 90-ականներին ՀՀ-ում. ես հիշում եմ, որ շանը անվանում էին Էլչիբեյ, և այլն: Ինքնին բնական է, որ պարտված երկրի ղեկավարը դառնում է ծաղրի առարկա, ուղղակի խնդիրն այն է, որ, օրինակ, պարտությունների շարքից հետո էլչիբեյը չշարունակեց պաշտոնավարել և հենց ինքը Նախիջևանից հրավիրեց Հեյդար Ալիևին: Սա ինքնին բնական է, բայց ինչքանո՞վ է սա բխում Հայաստանի շահերից: Սա, իհարկե, վնասում է մեր շահերին, որովհետև հանձին քո երկրի ղեկավարի՝ ձևավորվում է կարծիք քո երկրի, քո պետության նկատմամբ ամբողջ աշխարհում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս