«Այդպիսի մեկը Սադամ Հուսեյնն էր, որի ճակատագիրը հայտնի է». Նաիրա Զոհրաբյան
«Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլյացնել նույն ժողովրդին»,- երեկոյան մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նա ասում է, որ ինքը չի հեռանալու քանի դեռ չկա իր համար իր ժողովրդի պահանջը: Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդն իր ֆեյքերն են, Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը պետական բյուջեով տարբեր պադվալներում նստած և ֆինանսավորվող ֆեյքերն են, ովքեր 2 տարի 7 ամիս հասարակության իմունիտետը թուլացրեցին, ովքեր հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների: Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմության մեջ մնալ՝ որպես այն բացառիկ անձնավորություն, որը խախտելով քաղաքական, պատմական բարոյական բոլոր աքսիոմները՝ կմնա պատմության մեջ այն անձնավորությունը, որը ստորագրելով Արցախը ծնկի բերելու սև թուղթը, կշարունակի պաշտոնավարել: Հիշենք, որ այդպիսի մեկը եղել է, և այդ մեկը Սադամ Հուսեյնն էր, որի ճակատագիրը հայտնի է: Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է օգտվել այն հումանիտար միջանցքից, որը նրան առաջարկում է ժողովուրդը, վաղը այդ հումանիտար միջանցքը ևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի համար, և ուրեմն՝ առա՛նց Նիկո՛լ, Հայաստա՛ն»:
Հիշեցնենք, որ ժամը 17:00-ից, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու հարակից տարածքից մեկնարկել է ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթը, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ: Նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը: