«Նիկոլ չկա այլևս, երկրում անիշխանություն է». Իշխան Սաղաթելյան

«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, երբ ասում են, որ ժողովուրդն ընդունում է, նշանակում է՝ վիրավորում են մեր ժողովրդին, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», էն Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- այսօր Կոմիտաս պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել այսօր առավոտյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե ինքը հրաժարական կտա միայն «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»:

«Ես իրեն համարում եմ ընդամենը ֆեյքերի պարագլուխ»,- հակադարձեց Սաղաթելյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե որոշակի շրջանակներ սուտ ու ապատեղեկատվություն են տարածում ժողովրդի մեջ խուճապ առաջացնելու համար, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց.

«Այս երկրում թիվ 1 ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ով 2.5 տարի խաբել է ժողովրդին, ամեն առավոտ սուտ ա ասել, պատերազմի 45 օրերի ընթացքում սուտ ա ասել, հիմա էլ շարունակում է սուտ խոսել: Այս երկրում ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ինքը ստերի թագավորն է, էսօր էլ փորձում է խաբել ժողովրդին»:

Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ այլևս իմաստ չունի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածները:

«Նիկոլ չկա այլևս, երկրում անիշխանություն է, կա մի հատ ֆեյքերի պարագլուխ: Եթե ինքը չհեռանա, պաշտոնը կհեռացնենք իրենից»,- ասաց Սաղաթելյանը և ավելացրեց, որ հրաժարականին հասնելու են անհնազանդության ակցիաների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս