Այսօր «Ժառանգությունը» կընդունի ԲՀԿ-ի պատվիրակներին

«Ոչ մեկի շուրջ համախմբվելու հարց չկա դրված, պարզապես կա գաղափար, որը մենք վաղուց էինք առաջ քաշել: Այժմ կան ուժեր՝ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», որոնք հայտարարել են, որ կիսում են այդ մոտեցումները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից եղել է առաջարկ՝ քննարկելու 100 տոկոս համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապված հարցեր: Այսօր մենք «Ժառանգության» գրասենյակում կընդունենք ԲՀԿ-ի պատվիրակներին՝ քննարկելու այդ հարցերը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ խոսելով ընդդիմադիր մի շարք ուժերի նախաձեռնությունների մասին՝ սկսել քաղաքական քննարկումների շարք:

Նա դժվարացել է պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք այդ քաղաքական կոնսուլտացիաները կհանգեցնեն քաղաքական ուժերի համախմբման:

Այն հարցին՝ արդյո՞ք առաջ քաշվող խնդիրները լուծելու համար քիչ ժամանակ չի մնացել՝ հաշվի առնելով այն, որ նախագահական ընտրություններին 3 ամիս է մնացել, Հովսեփ Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցերն այնքան կարևոր են, որ դրանց քննարկումները պետք է շարունակել նախագահական ընտրություններից հետո ևս:

«Օրինակ՝ 100 տոկոս համամասնական ընտրությունների հարցը ուղղակիորեն չի կապվում նախագահական ընտրությունների հետ, քանի որ վերջինս կուսակցական ընտրություն է: Եթե մինչև նախագահական ընտրություններ չհասցնենք այն կյանքի կոչել, ապա կոնսենսուսի գալով այլ քաղաքական ուժերի հետ, կարելի է իրականացնել այն նախագահական ընտրություններից հետո: Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, ապա այդ հարցի շուրջ քիչ ավելի շուտ պետք է տեղի ունենա քննարկումը, որովհետև դրանից կախված կլինի նաև նախագահական ընտրությունների հետ կապված ինչ-ինչ ռազմավարություններ»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս