Ավստրալիան կասեցրել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը
Ավստրալիայում որոշում է ընդունվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը կասեցնելու մասին, որը մշակվել է Քվինսլենդի համալսարանի (UQ) եւ CSL պատվաստանյութերի արտադրողի կողմից:
Այդ մասին հաղորդել են պատրաստուկի մշակողները:
Նրանք պարզաբանել են, որ պատրաստուկի փորձարկման առաջին փուլում, որին մասնակցել է 216 մարդ, հայտնաբերվել է, որ, չնայած լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայությանը, փորձարկումներին մասնակցածներին պատվաստելուց հետո նրանց մոտ մշակված հակամարմինները խանգարում են ՄԻԱՎ-ի ախտորոշմանը եւ հանգեցնում ՄԻԱՎ-ի առանձին թեստերի կեղծ դրական արդյունքների:
Նկատի առնելով ստացված արդյունքները՝ CSL-ը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարության հետ համատեղ որոշում է ընդունել դադարեցնել պատվաստանյութի փորձարկումները երկրորդ եւ երրորդ փուլերում:
«Այդ արդյունքն ընդգծում է այն ռիսկերի առկայությունը, որոնք կապված են պատվաստանյութի վաղ մշակման հետ»,-ասել է Էնդրյու Նեշը՝ CSL-ի գլխավոր գիտաշխատողը:
Նրա խոսքով՝ ավստրալական պատվաստանյութը կարող է լրամշակվել, բայց դրա համար լրացուցիչ մինչեւ 12 ամիս կպահանջվի:
Դրա փոխարեն CSL-ն պլանավորում է լրացուցիչ AstraZeneca Plc բրիտանական ընկերության կողմից մշակված 20 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրել՝ ի լրումն այն 30 միլիոնի, որոնք նա արդեն արտադրում է, այն դեպքում, երբ կառավարությունը նույնպես մտադիր է ապահովել Novavax-ի պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժիններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



