«Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական գործիչը դիակ է». Արթուր Ղազինյան
«Եթե մենք գործ ունենայինք հոգեպես առողջ մարդու հետ, եթե մենք գործ ունենայինք հայրենիքի նկատմամբ թեկուզ աննշան սիրո զգացում ունեցող մարդու հետ, հրաժարականի տեքստը պետք է լսեինք անմիջապես նոյեմբերի 10-ին»,- այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Ղազինյանի խոսքով՝ եթե ավելի հետ նայենք, ապա Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տար հոկտեմբերի սկզբին.
«Երբ ինքը հասկանար, որ այլևս չի կարողանում, դա իր խելքի բանը չի: Պատերազմը բավականին լուրջ պրոցես է, և նման կարգի անլուրջ մարդիկ չպետք է զբաղվեն պատերազմով, հատկապես, երբ խոսքը գնում է մեր զինվորների, մեր պատմական հայրենիքի մասին»:
Դիտարկմանը, որ պատերազմի ընթացքում կոնկրետ ուղղություններում ձախողումների հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեղադրում են իրեն, սակայն ինքը ոչ վաշտի հրամանատար է, ոչ էլ գնդի հրամանատար, Արթուր Ղազինյանն ասաց.
«Երբ դու քեզ հռչակում ես բանակի գերագույն գլխավոր հրամանատար և, ինչպես հետագայում պարզվեց, հրամաններ ես տալիս, դադարեցնում ես զինված ուժերի լրահամարումը, փոխում ես ռազմական պլանը, այդ պարագայում դու հրամանատա՞ր ես, թե՞ ոչ, այս պարագայում մեղավորները զինվորնե՞րն են: Սա կրկնակի անբարոյականություն է, իսկ այդ մարդը խփում է անբարոյականության բոլոր ռեկորդները»:
Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ անելու են ամեն բան, որպեսզի հասնեն իշխանության առանց ցնցումի փոփոխությանը, քանի որ այսօր ցանկացած ցնցում ՀՀ-ի համար ունի լուրջ ռիսկեր:
«Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մարդ այլևս գոյություն չունի, քաղաքական գործիչը ևս դիակ է, նա այլևս ոչ թե իշխանություն լինելու, այլ առհասարակ քաղաքականությամբ զբաղվելու ոչ բարոյական, ոչ մարդկային իրավունք չունի»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում