«Լավ իմանալով, որ ես ձեզ չեմ սպասարկելու, ինչո՞ւ եք մատուցողին ուղարկել` ինձ կանչելու». հարցնում էր «Հարսնաքարի» մատուցողը:

«Հարսնաքարի» մատուցողի հարցերը` գործով տուժող Արտակ Բայադյանին, անպատասխան մնացին

Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, որտեղ շարունակվեց գործով տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Վերջինիս հարցեր էին ուղղում գործով մեղադրյալների` Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի ու Արթուր Բաբլոյանի պաշտպանները:

Ա.Բայադյանը պատասխանեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող, գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցերին: Ա. Բայադյանը չցանկացավ մեկնաբանել հարցը` արդյոք Դիանա Նավոյանի ներկայությունը կարո՞ղ էր Վահե Ավետյանին դրդել ինչ-որ քայլեր կատարել` Դիանայի մոտ տպավորություն թողնելու համար: Նա նաև նշեց, թե տեղյակ չէ` ինչո՞ւ է Արկադին (խոսքը գործով տուժող Արկադի Աղաջանյանի մասին է) վարել Վահե Ավետյանի մեքենան «Հարսնաքար» ռեսոտորանային համալիր գալու ժամանակ: «Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգարին ճանաչում եմ շուրջ 4 տարի: Գարիկին ճանաչում եմ երկու տարի: Բոլորս ընկերներ ենք: Ավելի մոտ եմ Վահեի հետ»,- ասաց Ա. Բայադյանը` պատասխանելով Սերգեյ Մկրտչյանի հարցին, թե որքա՞ն ժամանակ է ճանաչում գործով մյուս տուժողներին ու ի՞նչ հարաբերություններ ունի վերջիններիս հետ: Ա.Բայադյանը չցանկացավ կարծիք հայտնել` արդյոք մատուցող Դավիթը (վերջինս Վ. Ավետյանին ասել էր` սպորտային տաբատով ռեստորանային համալիր չի թույլատրվում) արտահայտել է ի՞ր պահանջը, թե՞ դրանք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահանջներն են:

Տուժողը նաև ասաց, թե չի ֆիքսել նման պահ, որ իր սեղանակիցներից ինչ-որ մեկը կանչի կամ պահանջի, որ իրենց մոտենա մատուցող Դավիթը: «Չեմ կարող բացատրել` ինչո՞ւ է Արկադին դուրս եկել Վահեի հետ, երբ մատուցող Դավիթը նրան դուրս է հրավիրել»,- ասաց Ա.Բայադյանը:

Նա նաև նշեց, որ ավտոկայանատեղիում նկատել է մատուցող Դավիթին, բայց այն վիճակում չի եղել, որ տեսնի` ինչ գործողություններ է նա կատարել:

Մատուցող Դավիթ Ադամյանը մի քանի հարց ուղղեց Ա. Բայադյանին. «Լավ իմանալով, որ ես ձեզ չեմ սպասարկելու, ինչո՞ւ եք մատուցողին ուղարկել` ինձ կանչելու: Ձեզ տեղյակ եմ պահել, որ ես ձեզ չեմ սպասարկելու, քանի որ դուք ինձ վատ եք վերաբերվել: Ինչի՞ համար էիք կողքի սեղանից ներողություն խնդրում, եթե հայհոյանքներ չեք տվել»:

Վերջինիս հարցերը, սակայն, անպատասխան մնացին, քանի որ դատարանը հանեց հարցերի մի մասը, մյուսներն էլ, ըստ դատարանի, վերաձևակերպման կարիք ունեին: Դատական նիստի ընացքում գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց` միջնորդելով հրապարակել տուժող Արտակ Բայադյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքները` նշելով, որ դրանցում առկա են հակասություններ:

Միջնորդությանը միացան գործով մյուս մեղադրյալների պաշտպանները: Դատարանը բավարարեց միջնորդությունը` արձանագրելով, որ Ա. Բայադյանի` նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներում առկա են տարբերություններ:
«Դատաքննության րնթացքում Արտակ Բայադյանը հայտնեց, որ մատուցող Դավիթն այն անձնավորությունն էր, որ դիտողություն է արել Վահեին տաբատի համար:

Իմ հարցին նա պատասխանեց, որ նման բան չի ասել: Նախաքննության ընթացքում Ա. Բայադյանը նշել է, որ մատուցող Դավիթը մոտեցել է իրենց և Վահեին ասել, որ տաբատով չի կարելի համալիր մտնել` նրա հետ խոսելով մոտ 2 րոպե»,- ասաց Մ. Պողոսյանը:

Ըստ նրա` Ա.Բայադյանը դատավարության ընթացքում նշել է, որ նախաքննության ընթացքում չի ասել այդ օրն իրենց հետ անցկացրած Դիանա Նավոյանի մասին` տարաբնույթ խոսակցություններից խուսափելու համար: Դա չանելու որոշումը, ըստ նրա` կայացրել են ընկերներով: Մ. Պողոսյանի հարցին` արդյոք եղե՞լ են գործի այլ հանգամանքներ, որոնց մասին հայտնելու կամ չհայտնելու որոշումը կայացրել են ընկերներով, Ա.Բայադյանը պատասխանեց, որ իրենք զրուցել են գործի մասին, որոշել են չհայտնել Դիանայի և Կամոյի մասին (վերջինս Վ. Ավետյանի բարեկամն էր, և նրան հանդիպել էին Արզնիի Ձորում):

Մ. Պողոսյանը նշեց, որ դատաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ Ա. Բայադյանն ասել է, որ ծեծկռտուքի ընթացքում չի եղել անձնավորություն, ով չի խփել իրենց, և ինքը չի տեսել այնպիսի անձնավորության, ով փորձել է հանգստացնել ծեծկռտուքը: Նախաքննության ընթացքում, ըստ Միհրան Պողոսյանի, Ա. Բայադյանը չի բացառել, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր չեն խփել: Նախաքննության ընթացքում Ա. Բայադյանը նաև հայտնել էր, որ Վահեն 2 րոպե զրուցել է տաբատի մասին իրեն նկատողություն արած Դավիթ Ադամյանի հետ: Տուժող Բայադյանը նշեց, որ Վ. Ավետյանի` մատուցող Դավիթի հետ զրուցելու մասին իմացել է իր ընկեր Արկադիից, ինքը դա չի տեսել:

Նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս Արտակ Բայադյանը նշել էր, որ «Հարսնաքարի» ամառային սրահից դուրս գալուց հետո ինչ-որ մեկը նախատում էր մատուցող Դավիթին և ասում, որ եթե իրենք այստեղ են, ինչե՞ր է նա իրեն թույլ տալիս: Այժմ Ա. Բայադյանը նշում է, որ մատուցող Դավիթին նախատում էր գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը:

Գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին` ինչո՞վ է պայմանավորված նախաքննության ընթացքում Ա. Բայադյանի չնշելը, որ Ն. Հայրապետյանն է նախատել մատուցող Դավիթին, Ա. Բայադյանը պատասխանեց, որ ցուցմունքները տվել է այն ժամանակ, երբ ինքը դեռ հիվանդանոցում է եղել. «Այդ ժամանակ իմ ուշադրությունը Վահեի առողջությունն էր, և ես չէի կենտրոնացել մանրամասների վրա: Հետագայում ես հիշել եմ մանրամասներ դեպքի մասին և ներկայացրել դատարանին»:

Երեկ նիստի ընթացքում Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանն առարկեց նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գործողությունների դեմ` նշելով, թե դատավորն իրեն հնարավորություն չի ընձեռում լրացուցիչ հարցեր ուղղել տուժող Ա.Բայադյանին: Դատավորը պարզաբանեց, որ տուժողի ցանկացած խոսքից հետո դատավարության կողմերի մոտ կարող են առաջանալ հարցեր, ինչի արդյունքում դատավարությունը կվերածվի անվերջ հարցաքննության: Լալայանը նշեց, որ նախագահող դատավորի գործողություններն այլ ելք չեն թողնում, և ինքը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնել:

Նիստի ավարտին Ա.Լալայանը հայտնեց, որ մինչ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը կխորհրդակցի իր պաշտպանյալի` Ա.Խաչատրյանի հետ: Նա նաև խնդրեց իրեն տրամադրել Բայադյանի ցուցմունքների ձայնագրությունը, որպեսզի կարողանա լսել դրանք, հասկանալ` ինչ հակասություններ կան նրա` նախաքննության ու դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում ու, ըստ դրանց, հարցեր ուղղել տուժողին: Ն. Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հայտարարեց, որ արդեն երկրորդ անգամ գործով մեղադրող Արթուր Դավթյանն առարկություններ է անում, որոնք, ըստ էության, հուշում են տուժողին` ինչ պատասխանել:

Մեղադրողը նշեց, որ ոչ մի շահագրհռվածություն չունի, և, որ իր միակ նպատակը գործի բացահայտումն է:

Դատավարության կողմերը երկար ժամանակ համաձայնության չէին գալիս հաջորդ դատավարության օրվա մասին: Մեղադրյալների պաշտպանները միջնորդություն ներկայացրին այսուհետ դատական նիստերը շաբաթական մեկ անգամ անցկացնելու մասին: Ըստ նրանց` շաբաթական երկու անգամ դատական նիստ անցկացնելու դեպքում իրենք անհրաժեշտ ժամանակ չեն ունենում տուժողի ցուցմունքները սղագրելու, իրենց հարցերը կազմելու, նաև իրենց պաշտպանյալների հետ խորհրդակցելու համար:

Նախագահող դատավորը նշեց, որ միջնորդությունը հետագայում կարող է բավարարվել, սակայն առայժմ նպատակահարմար չէ դատական նիստերը շաբաթական մեկ անգամ անցկացնելը: Ա. Բայադյանն, ըստ նրա, արդեն երեք դատական նիստ է, հարցաքննվում է, և եթե դատական նիստերը տեղի ունենան շաբաթական միայն մեկ անգամ, ապա կստացվի, որ շուրջ մեկ ամիս հարցաքննվում է միայն մեկ տուժող: Տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էին, որ բացակայելու էին հանրապետությունից և հնարավորություն չէին ունենալու մասնակցել այդ օրերին կայանալիք դատական նիստերին:

Քանի որ դեռևս հստակ չէր` Տ. Եգորյանը մեկնելո՞ւ է հանրապետությունից, թե՞ ոչ, որոշվեց հաջորդ դատական նիստը նշանակել նոյեմբերի 16-ին: Նիստի ընթացքում հավանաբար կավարտվի տուժող Ա. Բայադյանի հարցաքննությունը, որից հետո կսկսվի գործով մյուս տուժողների հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս