Չփոխեցին՝ հավատալով

Երեկ Բարաք Օբաման բավական դժվարին պայքարում վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ողջ աշխարհը հետևում էր ԱՄՆ-ին ոչ միայն ու ոչ այնքան Բարաք Օբամայի, որքան ժողովրդավարության հերթական հաղթանակին: Իհարկե, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս կգտնվեն «տեղական ժողովրդավարության ջատագովներ», ովքեր ամերիկյան ընտրությունները կորակեն` որպես շոու, բեմականացում: Սակայն այդ գնահատականներից ամերիկյան հասարակության ու պետության կյանքում ոչինչ չի փոխվի, քանի որ կարևորն այն գնահատականն է, որ իրենք` ամերիկացիներն են տալիս իրենց ընտրությանը:

Հանրապետական Միթ Ռոմնին ու դեմոկրատ Բարաք Օբաման երկարատև քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին ոչ պակաս կոպիտ ու ոչ պակաս թշնամական հայտարարություններ էին անում, քան Հայաստանում իշխանության ու ընդդիմության թեկնածուները: Սակայն ընտրությունների արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոմնին շնորհավորեց Օբամային` մաղթելով հաջողություններ նախագահության երկրորդ ժամկետում: Այդ շնորհավորանքը ոչ այնքան քաղաքական մշակույթի տարրական ու ձևական տարր է, որքան ընտրությունների լեգիտիմության արտահայտություն: Ռոմնին Օբամային շնորհավորեց, որովհետև նա ու նրա թիմակիցները, ամերիկյան հասարակությունը չեն կասկածում ընտրությունների օրինականությանը: Հայաստանում ևս յուրաքանչյուր ընտրությունից առաջ ու հետո իշխանությունները սկսում են խոսել պարտվողի կողմից հաղթողին շնորհավորելու կուլտուրայի բացակայության մասին: Հայաստանում, սակայն, ոչ թե պարտվողներն են անշնորհք ու կուլտուրայից զուրկ, այլ հաղթողների հաղթանակը հավատ չի ներշնչում` պարտվողների ու հասարակության շրջանում: ԱՄՆ նախագահի ընտրությունները վկայեցին ևս մեկ հետաքրքիր իրողության մասին. Օբաման ընտրվեց իր անձի նկատմամբ ընտրողների ունեցած համակրանքի արդյունքում, քանի որ Հանրապետական կուսակցությունը շարունակեց պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Այսինքն` ամերիկացիները, մեծ հաշվով, իշխանությունը թողեցին իրենց համակրած քաղաքական ուժին ու գործչին: Դժբախտաբար, Հայաստանի հասարակության համար չկա ոչ այդպիսի քաղաքական ուժ, ոչ էլ, առավել ևս, այդպիսի քաղաքական գործիչ: Դրա համար ԱՄՆ-ում ընտրությունների ավարտից հետո անգամ պարտվողները տոնում են հաղթանակը, իսկ Հայաստանում մարդիկ դուրս են գալիս փողոց: Հաղթանակի նկատմամբ հավատի բացակայության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս