«Հորդորում եմ դատական իշխանությանը` ձերբազատվել Փաշինյանի կապանքներից, տեր կանգնել դատական իշխանության անկախությանը». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հորդորում եմ դատական իշխանությանը` ձերբազատվել Փաշինյանի կապանքներից, տեր կանգնել դատական իշխանության անկախությանը
Ինչպես օրերս գրել էի Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի առաջարկությամբ Սահմանադրական դատարանն (ՍԴ) իր նոյեմբերի 20-ի աշխատակարգային որոշմամբ մինչև Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը, որոնցով անհամաչափ սահմանափակվում էր խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների գործունեությունը:
Նշել էի նաև, որ հիշյալ որոշմանը դեմ էին քվեարկել միայն ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը և Արթուր Վաղարշյանը: Սակայն, ինձ հայտնի դարձավ, որ կասեցման որոշմանը դեմ է քվեարկել նաև ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը:
Ինչո՞ւ եմ անհրաժեշտ համարում այս կարևոր որոշման կապակցությամբ ողջ ճշմարտության վեր հանումը, որովհետև, առավել, քան այսօր պետք է հանրությունը տեղյակ լինի դեռևս վարչապետ Փաշինյանի անօրինական ճիգ ու ջանքներին տուրք տվող, կառավարելի, գրպանային և կատարող ՍԴ ունենալուն նպաստողների շրջանակը:
Հատկանշական է, որ ՍԴ կողմից «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի որոշման խոսքի ազատությունը ու լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող դրույթների կասեցումից հետո, ՀՀ վարչական դատարանը ևս կասեցրեց կառավարության հիշյալ որոշման հավաքների ազատությունը սահմանափակող դրույթը:
Կրկին ակնկալում և հորդորում եմ դատական իշխանությանը` ձերբազատվել Փաշինյանի կապանքներից, դրսևորել վճռականություն, տեր կանգնել դատական իշխանության անկախությանը` նպաստելով մեր վտանգված պետականության պահպանմանը»: