Ադրբեջանը նաև հաղթական մարտերում դերակատարություն ունեցող անձանց ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ է ստեղծում․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Բաքվի ռազմական դատարանը հայաստանցի նախկին բարձրաստիճան զինվորականին հեռակա կարգով կալանավորել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։

Ադրբեջանական Meydan TV-ի փոխանցմամբ` Օհանյանը մեղադրվում է «ցեղասպանության հոդվածով»։

Այս քայլի երևացող և աներևույթ ականների, հետևանքների, հայկական կողմի համարժեք գործողությունների վերաբերյալ 168.am-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ:

– Ըստ էության ադրբեջանական կողմը ՀՀ և ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել ցեղասպանության մեղադրանքի հանցակազմով: Ենթադրաբար, խոսքը ադրբեջանցիների կողմից շահարկվող Խոջալլուի դեպքերի մասին է: Շուրջ երեք տասնամյակ անց այս քայլին գնալու ի՞նչ նախադրյալներ կային, որ թշնամուն թույլ տվեցին հանգել այդ որոշմանը, որովհետև մինչ այդ երբևէ նման նախաձեռնությամբ ու կոնկրետ գործողություններով նրանք երբեք կարծես թե հանդես չեն եկել, և առհասարակ ի՞նչ կարող է հետևել սրան՝ նախ՝ Սեյրան Օհանյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ու, բացի դրանից, նախադեպ դառնալու տեսանկյունից: Ի՞նչ վտանգներով այս քայլը կարող է հղի լինել մեզ համար:

– Կարծում եմ, որ իրենք, բնականաբար, ավելի վաղ ժամանակահատվածում են պատրաստվել սրան: Խնդիրը ոչ այնքան իրավական տիրույթում է, որքան քաղաքական: Նպատակն ահաբեկելն է նախ՝ ընդհանուր բնակչությանը, ապա՝ զինվորական գործում ներգրավված անձանց: Իհարկե, եթե անմիջապես սկզբնական հետապնդումներն իրականացնեին հրամանատարական կազմի նկատմամբ, շատ ցայտուն կլիներ միջազգային հանրության աչքերում դրանց՝ քաղաքական հետապնդումների բնույթը: Դրա համար ադրբեջանական կողմը նախաձեռնել էր մի շարք նախապատրաստական գործեր, որոնք առաջին հայացքից ապաքաղաքական են թվում, օրինակ, նույն Ալեքսանդր Լապշինի գործը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործած քաղաքացիների՝ այլ հետապնդումների դրվագները, սակայն դրանք հետագայի համար արված քայլեր են: Նշենք, որ հետապնդումների զոհ են դարձել նույն գիտնականները, որոնք գիտական նպատակներով այցելել են որոշակի վայրեր, իրականացրել են իրենց ակադեմիական ազատությունները:

– Խոսում եք ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակների» մասի՞ն:

– Այո: Ոչ միայն կազմվել են ինքնին «սև ցուցակներ», այլև դրանցում հայտնված անձանց նկատմամբ իրականացվել են քրեական հետապնդումներ: Բայց նշեմ, որ միջազգային համագործակցության տեսանկյունից այդ հարուցված ազգային հիմքով հետապնդումները միշտ չէ, որ կունենան արժեքավորություն:

– Ի՞նչ նկատի ունեք: Օրինակ, չի՞ կարող ադրբեջանական կողմը հասնել, օրինակ, որևէ երկրից Սեյրան Օհանյանի արտահանձնմանը:

– Երբ էքստրադիցիայի խնդրանքներ են ուղարկվում, օրինակ, միջազգայնորեն տարածվում են օրդերներ, կառույցներն ուսումնասիրում են, թե արդյո՞ք դրանց հետևում չկան քաղաքական նկատառումներ, և, երբ դա հաստատվում է, մերժվում են արտահանձնման խնդրագրերը: Մենք, օրինակ, ունեցել ենք դեպքեր, երբ Ինտերպոլը մերժել է տվյալ անձին ցուցակում ներառելն ու միջազգային ձերբակալման օրդեր արձակելը: Իհարկե, չենք բացառում, որ որոշակի պետությունների պարագայում իրավունքը կստորադասվի, և իրենք քաղաքական համաձայնություններ ձեռք կբերեն, որոշակի կոռուպցիոն գործարքներ կլինեն, և դրա արդյունքում կարտահանձնվեն անձինք, քաղաքական օգուտներ կքաղեն: Այս առումով դարձյալ չմոռանանք Լապշինի գործը, երբ Բելառուսի ղեկավարությունը հասկանալի տնտեսական և նաև այլ տեսակի օգուտներ քաղելով՝ արտահանձնեց Լապշինին: Վստահ եմ, այս մեխանիզմները չեն գործի միջազգային կառուցակարգերի շրջանակներում, բայց երկկողմանի փոխհարաբերություններում չեմ բացառում որոշակի բացասական հետևանքներ:

– «Ցեղասպանություն» եզրույթի՝ շրջանառության մեջ դնելն արդյո՞ք Ադրբեջանի գործը չի հեշտացնում՝ ցանկալիին հասնելու առումով: Հե՞շտ կլինի միջազգային կառույցների համար, լսելով այդ տերմինը, այն տարանջատել քաղաքականությունից:

– Իհարկե, նման լուրջ մեղադրանք առաջադրելը պետք է ունենա հիմնավոր և բավարար ապացույցների համակցություն, և եթե իրենք այդ կառույցներին չկարողանան ցուցադրել հիմնավոր ապացուցողական բազա, կբացահայտվի առերևույթ քաղաքական ենթատեքստը, և խնդրանքները կմերժվեն: Անգամ ցեղասպանության հարցերը դժվարությամբ են հիմնավորվում, բացահայտ, ակնհայտ դրվագներով, և միջազգային նույն ատյանները, քրեական դատարանը, եթե նման մեղադրանքներով գործեր է քննում, տասնյակ տարիներ ռեսուրսներ են պահանջվում: Եվ ավելին, անկախության գործոնը կա: Հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ պետություն չի ակնկալելու, որ ադրբեջանական իրավապահ մարմինների գործունեությունը լինելու է անկախ, և այստեղ պատվեր չի իրականացվելու, որպեսզի բավարարվի Ալիևի քմահաճույքը: Այս տեսանկյունից իրենք չեն վստահելու ադրբեջանական ներպետական քննությունների անկախությանը: Եթե այս գործընթացներն իրականացվեին 3-րդ երկրների կողմից, ապա դրանց նշանակությունը բոլորովին այլ կլիներ:

– Ինչո՞ւ հենց այս պահին նախաձեռնվեց այս գործընթացն Ադրբեջանի կողմից:

– Սրանով Ադրբեջանը սպառնալիքներն է ինտենսիվացնում, և սա դարձյալ հոգեբանական առավելություններ ձեռք բերելու մեծ պլանի մաս է կազմում: Դրանով սպառնալիք են ներկայացնում զինվորականությանը և կոտրում վերջիններիս շահագրգռվածությունը՝ ծառայելու հայկական բանակում, որովհետև նաև իրենց անձնական կյանքի տեսանկյունից սպառնալիքներ են ներկայացնում: Ոչ միայն ընդհանուր մեր բանակի պարտությունն ամրագրելու խնդիր են լուծում, այլ նաև հաղթական մարտերում դերակատարություն ունեցող անձանց ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ են ստեղծում:

– Ի՞նչ պետք է անի պետությունը: Ողջ պատերազմի ընթացքում մենք ասում էինք, և հատկապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էր անընդհատ այս մասին ահազանգում, որ այս պատերազմում Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումների հարց լուծել Արցախում: Պետությունն առհասարակ այս առումով ի՞նչ գործառույթներ ունի, Միավորված Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ) արդյո՞ք կան ներկայացված ցեղասպանության, էթնիկ զտումների մասին փաստաթղթավորված տեղեկություններ: Պետությունն այս պահին, բացի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի հարցով քայլեր ձեռնարկելուց, Ադրբեջանի կամ նրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցով միջոցներ գործադրո՞ւմ է, թե՞ ոչ:

– Վստահորեն կան մարդիկ, ում նկատմամբ Հայաստանը պետք է պրոցես սկսի: Կան համապատասխան դեպքերը: Ավելին, այդ դեպքերը ոչ միայն հաստատվել են հայաստանյան շրջանակներում, այլ նաև միջազգային դատական ատյանների կողմից, ուստի այդ փաստերի ամրագրումը կասկած չի հարուցում, և համագործակցող պետությունների մոտ անկախության խնդիրներ չեն առաջանալու: Մենք ունենք նույն Ապրիլյան պատերազմից գործեր, որտեղ հանցագործությունների մեջ ներգրավված անձինք հայտնի են: Այսինքն՝ նրանք նույնականացված են. ովքե՞ր են, ի՞նչ պաշտոն են զբաղեցնում Ադրբեջանում, և այլն: Նույն կերպ ներկայումս շրջանառվող տեսանյութերում երևում են խոշտանգումների դրվագներում ներգրավված անձինք: Եվ այս պայմաններում պետությունը կարող է նույնական գործընթացներ սկսել: Ըստ էության եղան հաղորդագրություններ, որոնք հայտարարեցին սկիզբ, բայց դրանք հետևողականորեն դեռևս իրենց տրամաբանական ավարտին չեն հասնում, որովհետև Հայաստանում իրավապահ մարմինների ռեսուրսները սխալ են հաշվարկվում և պլանավորվում: Այդ ռեսուրսները ոչ թե օգտագործվում են միջազգային լրջագույն խնդիրների լուծման համար, այլ պատվերի արդյունքում ազգային մակարդակում շինծու քրեական գործեր կարելու համար: Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են պարզ խոսքի ազատության իրավունքի, հավաքների ազատության իրավունքի իրականացման կոնտեքստում հարյուրավոր մարդկանց նկատմամբ հարուցվում անհեթեթ քրեական գործեր, որոնք որևէ հեռանկար չունեն թե Հայաստանում, թե, առավել ևս, միջազգային հանրությունում: Դրանք ընդամենն ավելորդ թղթաբանություն են, որոնք խորտակում են ողջ իրավապահ համակարգը, և նրանք անունակ են լինում անգամ այս մարտում հաղթանակել ադրբեջանական կողմին:

– Իսկ կարո՞ղ են Սեյրան Օհանյանի դեմ սկսած պրոցեսին հետևել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախյան առաջին ազատամարտում լրջագույն հաղթական դերակատարում ունեցած այլ ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ նախաձեռնվող գործընթացներ ևս:

– Քանի որ հարցը մեծապես քաղաքական խնդիրների լուծում է հետապնդում, և իրենք մաքուր իրավական պրոցեսներ չեն, այլ իրավական գործիքներն օգտագործվում են այլ նպատակներով, մենք չենք բացառում, որ Ադրբեջանը թիրախ կարող է դարձնել այլ անձանց, որոնք որոշակի ձևով առնչություն են ունեցել պատերազմին, նկատելի են եղել իրենց գործունեությամբ:

– Ելքը ո՞րն է այս պարագայում: Հայաստանը՝ որպես պետություն, ի՞նքն էլ պետք է հայցեր ներկայացնի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ու սկսի քրեական հետապնդում՝ դրան հաջորդող միջազգային հետախուզման նպատակ հետապնդելով:

– Քրեական արդարադատության ոլորտում կան համագործակցության գործիքներ, ինչպիսիք, օրինակ, հանձնման խնդրագրերն են: Եթե հանցագործության մեջ հետապնդվողը գտնվում է այլ երկրում, ապա խնդրագրերի միջոցով կարող է անձը հանձնվել այլ պետության, որտեղ կներկայացվի դատարանի առջև ու իր պատիժը կկրի: Դրա համար սրանք բացառապես ներպետական գործընթացներ են: Հայաստանը ևս կարող է նման խնդրագրեր ներկայացնել, բայց ավելի գրագետ աշխատաոճ կլինի, եթե Հայաստանը համագործակցի օտարերկրյա պետությունների հետ, ովքեր առաջամարտիկ են, մեծ փորձ ունեն պատերազմական հանցագործություններ բացահայտելու և պատժելու հարցում, տրամադրի այդ փաստաթղթերը և խնդրի, որպեսզի նրանք հետապնդումներ իրականացնեն: Այս երկրների կողմից էքստրադիցիայի խնդրանքներն ավելի արժեք կունենան և քաղաքական նպատակների հիմքով չեն մերժվի: Ավելին, հայկական կողմը եթե ուղղակի չալարի աշխատանքներ կատարելու հարցում, ունի լրջագույն ապացուցողական բազա՝ հաջողության հասնելու համար: Ուղղակի նշեմ, որ մեր այս մի քանի տարիների գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավորվել են 60-ից ավելի դատական գործեր ՄԻԵԴ-ում, որոնք վարույթ են ընդունվել: Դրանց մի մասով արդեն իսկ հաստատվել են խախտումներ, որոնք առնչվում են պատերազմական հանցագործություններին, և մոտ ապագայում այդ դեպքերը ևս կարձանագրվեն: Ուստի Հայաստանի իշխանությունները, ուսումնասիրելով նաև Եվրոպական դատարանում ընթացող մասնավոր անձանց կողմից վարվող գործերը, կարող ն ուժեղացնել այս ոլորտում իրենց ջանքերը, և արդյունքները հաստատ նկատելի կլինեն: Ի հակադրություն՝ ադրբեջանական կողմն այս տարիների ընթացքում չի կարողացել միջազգային ատյաններում ապացուցել եզակի գործ, երբ Հայաստանի զինվորականները ներգրավված են եղել մարդու իրավունքների խախտումներում: Իսկ մենք ապացուցել ենք բազում գործեր, և դա շատ լրջագույն իրավական բազա է ձևավորում, որպեսզի կարողանանք պատասխանատվության ենթարկել ադրբեջանական կողմին:

– Մենք այս իշխանություններից կարո՞ղ ենք ակնկալել վերոնշյալ գործընթացների նախաձեռնում և հետևողականություն, երբ տեսնում ենք, որ պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ստեղծված ծանր ներքաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում խորհրդարանական երկրի օրենսդիր մարմնի առաջնահերթությունը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելն է:

– Առհասարակ, այն, որ գործ ունենք տապալված վարչարարության հետ, ակնհայտ է: Պետական ինստիտուտները որևէ մոտիվացիա և կարողություն չունեն՝ լուծելու հանրության առջև դրված խնդիրները: Ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը ևս խիստ բացասական է: Եթե հատուկ կոնսոլիդացնող լուծումներ չտրվեն, ես չեմ հավատա, որ տապալված ենթակառուցվածքների հիման վրա կարելի է լուծել այսպիսի լրջագույն խնդիրներ: Մյուս կողմից, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ են լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, թե՞ ոչ, պետք է տեղեկացված լինենք, թե այդ ուղղությամբ ինչ ջանքեր են գործադրվում ու քայլեր իրականացվում: Այս պահին պաշտոնապես նախաձեռնված լուրջ ընթացակարգերի առնչությամբ տեղեկատվություն տրամադրված չէ: Ես չգիտեմ՝ ստվերայի՞ն են այդ գործունեությունն իրականացնում, թե՞ ոչ, բայց նման տեղեկատվության բացակայության պարագայում, ուղղակի հասկանում ենք, որ այդ ոլորտում լրջագույն աշխատանքներ չեն իրականացվում:

Տեսանյութեր

Լրահոս