Ինչպես և ում դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար
Հիվանդությունը բուժելուց հետո, երբ օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնվում է մասնակի, մարդիկ կարող են դիմել և հաշմանդամության խումբ ստանալ:
Հաշմանդամության խումբ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին: Հանձնաժողովն, ուսումնասիրելով հիվանդության հետևանքով օրգանիզմին հասցված վնասի չափը, տալիս է հաշմանդամության առաջին, երկրորդ կամ` երրորդ կարգ ստանալու իրավունք:
Որտեղից սկսել
Ամբուլատոր բուժում ստանալուց հետո հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է դիմել տարածքային պոլիկլինիկա և ստանալ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր:
«Ուղեգրում պետք է նշած լինի հիվանդության ախտորոշման, բուժման արդյունքների և օրգան-համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանի մասին մանրամասն տեղեկություն: Պոլիկլինիկայից ստացված ուղեգրի հիման վրա քաղաքացին պետք է դիմի փաստացի բնակության վայրը սպասարկող հանձնաժողովին»,- պարզաբանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը:
ՀՀ-ում գործում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող 25 հանձնաժողով: Հանձնաժողովներն, ուսումնասիրելով ուղեգիրն ու բժշկական փաստաթղթերը, հարուցում են վարչական վարույթ և նշանակում փորձաքննություն:
«Փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրականացնում են անձի զննումը, ձևակերպում փորձաքննական ախտորոշումը և գնահատում նրա կենսագործունեության սահմանափակումների աստիճանը: Արդյունքները քննարկելուց հետո հանձնաժողովն ընդունում է փորձաքննական որոշում և, անձի անաշխատունակության չափի աստիճանից կախված, որոշվում է հաշմանդամության խումբը»,- ասում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը: