«Ինձ ասել են, որ ԲՀԿ-ի հետ ոչ մի լուրջ բան չկա, ուղղակի մարտավարության հարցեր են». Հրանտ Բագրատյան

«Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն միակ քաղաքական այն ուժերն են, որոնք կարող են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի գործող վարչակազմին` դա իր անձնական կարծիքն է: Ես կոնկրետ կարծիք չեմ կարող տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում ՀԱԿ-ում այդ հայտարարություններից հետո, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես ասել եմ ու ասում եմ՝ իսկ ի՞նչ լուրջ բան կա ԲՀԿ-ի հետ կապված: Այնպես չի, որ, եթե որևէ բան լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված` շատ կվատանամ, միայն թե ուզում եմ իմանամ՝ ի՞նչ կա: Ինձ ասել են, որ ոչ մի լուրջ բան չկա: Ուղղակի մարտավարության հարցեր են»:

Ըստ Հ. Բագրատյանի` կան մարդիկ, որ երբ սկսում են խոսել ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին, այնպես են մեկնաբանում, որ թվում է` ինչ-որ լուրջ բան գոյություն ունի: «Բան էլ չկա: Հարկավոր է զգուշորեն խոսել: Մի օր կգա` կկանգնենք փաստի առաջ: Սովորաբար բոլոր կարևոր որոշումները քննարկվում են, և կայացվում են որոշումներ: Որևէ որոշում ԲՀԿ-ի կամ այլ կուսակցության մասով չենք քննարկել: Համենայնդեպս, ես ներկա չեմ եղել: Մի հանգամանք էլ. կան մարդիկ, ովքեր շտապում են անել հայտարարություններ: Նույն ԲՀԿ-ն շատ զգույշ է վերաբերվում հայտարարություններին: Ու շատ ճիշտ են անում: Ես չեմ սիրում այնպիսի քննարկումներ, որոնց ժամանակ մարդիկ սկսում են կառչել բառերից: Նույնատիպ քննարկումներ են տեղի ունենում այսօր ԱԺ-ում»:

Հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի՞ իր թեկնածությունը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, շուտով կլինի որոշում: Մեզ համար Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ընդունելի է: Սակայն ինչ կորոշի նա` ինձ համար հայտնի չէ: Մենք այդ հարցը դեռ պիտի քննարկենք: Այդ հարցն այնքան դելիկատ է, որ ես ինձ թույլ չեմ տա հարցնել մեկ այլ անձի՝ ի՞նչ եք կարծում` կդնի՞ թեկնածություն, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս