«Մենք Հանրային Ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել». Հայկ Սարգսյան
«Ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, ես ուզում եմ ավելի փակագծերը բացել,- լրագորղների հետ ճեպազրույցն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա մի քանի մանրամասն հայտնեց նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից,- Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով, համարները հանած՝ գիշերը գալիս են Կառավարության շենք, և ըստ վկաների պնդման՝ նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ, քրեորեն հետապնդելի:
Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե, իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում:
Անկեղծ ասած, ես մյուս փեսային չեմ ճանաչում, բայց իմ գործընկեր Արթուր Մանուկյանին ճանաչում եմ և, անկեղծ ասած՝ իրենից չէի սպասում, և շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ»:
Հայկ Սարգսյանը հավելեց՝ խնդիրն այն է, որ հիմա մենք ունենք լուրջ խնդիրներ Արցախում, Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, ապա նկատեց. «Ես շատ կցանկանայի, որ այդ կազմակերպված խումբը, ինչպես եկավ և պատուհաններ ջարդեց կառավարության շենքում, այդ նույն ձևով և ավելի լավ կազմակերպված՝ գնա Արցախ և փորձի այնտեղ պատուհաններ վերականգնել, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում կամ իրենց տներում չմրսեն:
Մենք բոլորս պետք է հիմա լծվենք մի գործի՝ որպեսզի արցախցիներն իրենց ապահով զգան, մեր երեխաները չմրսեն: Չի՛ կարելի Երևանի կենտրոնում՝ մտնել Կառավարության շենք կամ ԱԺ շենք, ջարդել պատուհաններ և զբաղվել կամ առնվազն չխոչընդոտել նման գործունեությանը»:
Դիտարկմանը, թե դուք Ռադիոտան աշխատանքներին չէի՞ք խոչընդոտում 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ, երբ Հանրային Ռադիոյի շենք էիք մտնում, պատգամավորն արձագանքեց. «Մենք Հանրային Ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել»:
«Դո՛ւռ եք կոտրել»՝ լրագրողների հիշեցմանն ի պատասխան՝ նա նշեց. «Դա ուրիշ դեպք է, կներեք»:
Լրագրողների մյուս հիշեցմանն էլ, թե սև ժապավեններ էիք պատգամավորների անուններով սարքում, նա պատասխանեց. «Ես նման բան չեմ հիշում»: