«Միակ պատասխանատուն ես եմ. կկանգնեմ ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կկայացնի մեր ժողովուրդը, անմռունչ կընդունեմ». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից փորձեց պարզել՝ այդքան մարդկային և տարածքային կորուստներից հետո խաղաղության ինչպիսի իրատեսական պոտենցիալ կա տարածաշրջանում:

Ինչին Փաշինյանը պատասխանեց՝ պետք է վերարժևորենք մեր 30 տարվա անկախությունը, և, թե ինչպես ենք օգտագործել այդ ժամանակը:

«Մենք վերջին 30 տարում ապրել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող  թշնամուն տրամաբանությամբ:  Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք էր այդ երկուսից ընտրություն կատարել և կենտրոնանալ ընտրության վրա:

«Վերջին 2.5 տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք: Գուցե վատ ընտրություն ենք կատարել, գուցե չենք հասկացել, որ չենք հասցնելու այդ ընտրության վրա բավարար աշխատանք իրականացնել: Բայց, օրինակ, ես այդ ընտրությունը կատարել եմ, և այդ ընտրության մեջ պարտվել եմ: Եվ անձամբ կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունը, ուրիշ ոչ մեկը: Բացարձակապես ուրիշ ոչ մեկը: Հիմա, որ այսքան այդ տարածքների մասին խոսում ենք, վերջին անգամ ո՞վ է եղել այդ տարածքներում: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել: Ես կրկնում եմ՝ ես եմ միակ պատասխանատուն, ես եմ, 30 տարվա պատմության մեջ ուրիշ պատասխանատու չկա: Միակ պատասխանատուն ես եմ, ես կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կկայացնի մեր ժողովուրդը, ես անմռունչ այդ դատավճիռը կընդունեմ»,- ընդգծեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս