«Ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա, չկա, դրա համար էլ չի իրագործվել». Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ Շուշին երբեք որևէ բանակցային փաթեթի մաս չի կազմել, և, որ երբեք նման լավ կամ վատ որևէ քննարկմանը Շուշիի հարց չի եղել:
«Դուք խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է: Մենք բանակցային փաթեթ ասելով՝ նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել: Եվ հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն: Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումներն ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը, միանշանակ, պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից, տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից, և Շուշիից»,- արձագանքեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ բանակցային փաթեթն ընդամենը թուղթ է, որի վրա կարող են գրվել նույնիսկ լավագույն ցանկությունները:
«Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել: Այդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016-ի Ապրիլյան պատերազմով սպառվել են: Եկեք, դա արձանագրենք: 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ունեինք 2 ընտրություն՝ կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները: Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա։ Չկա, դրա համար էլ չի իրագործվել։ Այնքան թղթեր կա՜ն, Կազանի թուղթն էլ կա, դրանից առաջ մի հատ էլ կա, որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է։ Չե՞ն ուզել կյանքի կոչել էդ լավ փաստաթղթերը, չե՞ն ուզել ստորագրել, ինչ-որ դավադրությո՞ւն է եղել, ոչ»,- շարունակեց Փաշինյանը և լրացրեց, որ ներկա արդյունքը հնարավոր էր ապահովել միայն իրենց կատարած պայմաններով:
«Ես դրանում համոզված եմ: Մենք տպած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին, որը հիմա օգտագործվում է պրոպագանդիստական նպատակներով: Ուզում են ասեն, որ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան, և ՀՀ կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Թող ոչ ոք իրեն մարգարեի տեղ չդնի»,- եզրափակեց Փաշինյանը: