«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ երեխաներ ենք գտել, ողջ զինվորներ ունենք». Վիտալի Ոսկանյան
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողների հետ զրուցում վստահեցրեց, որ պարբերաբար հանդիպում են ՊՆ առջև հավաքված անհետ կորած զինվորների ծնողների հետ, ու շարունակվում են նրանց փնտրելու գործողությունները.
«Նոյեմբերի 3-ին Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է այդ հանձնաժողովը, որի նպատակն է՝ հավաքագրել բոլոր տվյալներն անհայտ կորած գերության մեջ գտնվող վիրավորների, այլ անձանց, որի մասով համապատասխան հրաման է արձակվել: Ծնողները համարյա ամեն օր հետներս են:
Գտնվում ենք Ուլնեցի փողոցում՝ ՊՆ ենթակա զորամասերից մեկում, և մարտական գործողությունների ընթացքում, չնայած բավականին բարդ է եղել այդ գործընթացն իրականացնելը, Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 27-ից սկսած՝ այդ գործընթանցն իրականացրել է: Հիմք ընդունելով, որ մեկ օր պատերազմը պետք է կանգ առներ, մենք նախապատրաստում էինք բավականին մեծ քանակով նյութեր:
Ամեն զինվորի, քաղաքացիական անձի մասով, որի վերաբերյալ ունենք տվյալներ, ստեղծվում են անձնական գործեր: Բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, այդ տեղի ունեցած դեպքի առնչությամբ՝ որ պահին, որ հեռախոսն է գտնվել զինվորի մոտ կամ սպայի մոտ, այն վերածում ենք քարտեզի վրա, համեմատում ենք մեր տվյալների հետ և պատրաստել ենք բազա, նաև էլեկտրոնային»:
Թե քանի հոգի կա այդ բազայում. այս հարցի պատասխանը հանձնաժողովի նախագահը չհնչեցրեց՝ հաշվի առնելով շարունակական գործընթացը. «Թվերը փոփոխվում են, որովհետև ունենք նաև արդյունքներ՝ ողջ գտնված երեխաներ ունենք, նույնիսկ ամենաբարդ հատվածներից, ողջ երեխաներ ենք գտել, ողջ զինվորներ ենք գտել: Երեկ չէ առաջին օրը ողջ գտել ենք մեկ զինծառայող, օրեր առաջ՝ արդեն ավելի մեծ քանակով՝ առաջին պաշտպանական շրջանից մինչև իններորդ պաշտպանական շրջան…»:
Որտե՞ղ են նրանք եղել՝ հարցին ի պատասխան էլ՝ Վիտալի Ոսկանյանը նկատեց. «Տարբեր տեղերից, նաև՝ Երևան քաղաքից»:
Նա հավելեց, որ մարտական գործողությունները դադարեցնելու պահին անմիջապես ԿԽ-ի հետ սկսվել է գործընթաց, որը հաջորդ օրը Արցախի Հանրապետություն է ուղարկել մեծ խումբ: Ապա նաև՝ ՌԴ զորքերի հետ, չսպասելով բոլոր իրավական գործընթացներին, հաջորդ օրվանից սկսել են տարհանել մեր հատվածում գտնվող վիրավորներին, դիերին. «Բոլոր այն հատվածները, որի մասին խոսում եք, և մենք էլ ունենք նմանատիպ տեղեկություն, որ հնարավոր է միջանկյալ հատվածներում և հակառակորդի տարածքներում լինեն ողջ զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՌԴ խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել անմիջապես կատարել այդ խնդիրները:
Այս պահի դրությամբ գործողությունները կատարվում են փնտրողական, ստեղծվել են խմբեր, որոնք աշխատում են: Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և՛ Կարմիր Խաչ, և՛ ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումներ, պարբերաբար ցուցանիշներ ստանում ենք: Հիմա ձեռք է բերվել պայմանավորվածություններ, որ իրենք օգնեն մեզ այն տարածքների մասով, որոնք գտնվում են հակառակորդների մոտ:
Գիշերը հանդիպել եմ ՌԴ համապատասխան ներկայացուցչի հետ, որոնք, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, պատրաստ են անել ավելին, քան մենք սպասել ենք»:
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձացն հանձնաժողովի նախագահը, սակայն, նշեց, որ որոշակի գործընթացներ խոչընդոտում են հանձնաժողովի գործունեությանը, ապա տեղեկացրեց, որ պարբերաբար հանձնաժողով են ներխուժում զինծառայողների ծնողները. «Ես բոլորի հետ հանդիպում եմ, շատերին ճանաչում եմ ճակատագրերով, խմբերով՝ ով որտեղ է գտնվում, ով հնարավոր է ողջ լինի, ձեռք ենք բերել այնպիսի ցուցանիշներ, որոնք… այսօր նոր ցուցանիշներ ենք փոխանցել Կարմիր Խաչին, ՌԴ-ին, գերեվարվածների մասին, որոնց 90 տոկոսը, ձեռք բերված ցուցանիշներով՝ ողջ են և գտնվում են հակառակորդի մոտ:
Բայց այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այս պահի դրությամբ հանձնաժողովի անդամները դադարեցրել են իրենց աշխատանքները. ֆիզիկական սպառնալիքներ, փաստաթղթերի ոչնչացում, գույքի նկատմամբ:
Ծնողներն այսօր մտել են առավոտյան Ուլնեցի փողոցում գտնվող… Սա առաջին դեպքը չէ, ներխուժել են երեք անգամ ՊՆ (հրել են ոստիկաններին և մեծ քանակով …):
Վերջին դեպքը այսօր է տեղի ունեցել՝ մոտ 11:00 ին, բավականին ցավոտ հանդիպում է եղել ծնողների, իմ և ԿԽ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, և ես խնդրել եմ, ասել ծնողներին, որ մեր կապը Ադրբեջանի հետ Կարմիր Խաչի միջոցով է:
Նույնիսկ հորդորել եմ, որ այդ կազմակերպության նկատամամբ որևէ ճնշում չլինի, իսկ ճնշումներ եղել են այնպիսին, որ ԿԽ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վազքով թողել ու փախել են»: