Եղել է տրամաբանություն, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այդ թվում՝ Շուշին». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանրությանը հայտնի դարձած հայտարարության տեքստից հետո սկսեցին շրջանառվել պնդումներ, որ մինչ այդ պահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել են պատերազմի ելքի ավելի նպաստավոր պամաններով փաստաթղթեր, սակայն դրանք չեն ստորագրվել վարչապետի կողմից:

Այս մասին վարչապետին նաև հարց ուղղվեց այսօրվա ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում:

«Ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են Ձեր սեղանին դրվել, ընդ որում, ինչպես պնդում են որոշ մարդիկ, բոլորը՝ ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Եթե՝ այո, ապա ինչո՞ւ չեք ստորագրել դրանք: Եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս կպարզաբանեք այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց օրեր առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան»,- ասված էր Armenpress-ի հարցում:

Մինչ հարցը կավարտվեր, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց:

«Նախ՝ էդ վերջին փաստը, էդպիսի բան չկա: Դա բացարձակապես անհիմն տեղեկատվություն է, և խաղաղապահները սկսել են տեղափոխվել, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ապա վարչապետն անցավ մյուս պնդումներն ինչ-որ կերպ հերքելուն:

«Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, ոչ, այդպիսի բան նույնպես չի եղել, այդպիսի բան նույնպես չի եղել: Եղել է էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ կամ եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ որ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այդ թվում՝ Շուշին: Այո,  առանց որևէ կարգավիճակի: Եվ պատերազմից առաջ էլ է այդպես եղել:

Ես ուզում եմ՝ մենք բոլորս շատ պարզ արձանագրենք դա: Այսպես է եղել 2016 թվականից: Այդպես է եղել 2016 թվականից: Եվ 2016 թվականի ապրիլյան պատերազմը էդ վերջին զանգն էր էս պատմության՝ էն տարբերությամբ, որ էս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը, որովհետև նախկինում… հասկանո՞ւմ եք… էլի… օրինակ, ո՞րն ա եղել մեր սխալը, ամենակարևոր սխալը: Սխալը էդ հետո նայենք, հա՞, չարամտությա՞մբ սխալ ա, թե՞ ուղղակի սխալ ա՝ ի բնե: Որովհետև ես էլի եմ ասում, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ արձանագրի՝ 1998 թվականից սկսած բանակցային գործընթացում, բանակցային բովանդակության մեջ եղել ա միայն մի թեմա, որը եղել ա շատ կոնկրետ, շատ կոնկրետ, չափելի՝ դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Եվ մեր քաղաքականությունը, ըստ էության, հայկական կողմի քաղաքականությունը եղել ա ձգել, ձգել էս պրոցեսը, ժամանակ ձգել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը ժամանակը ձգել է ռետինի նման: Բայց 5, 10, 20 տարի ռետինը 2016 թվականի «Ապրիլյան պատերազմով արդեն կտրվել է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս