«Եթե մանդատը վայր դնելը որևէ ձև լիցքաթափելու է իրավիճակը ու տանելու է ավելի լավ իրավիճակի, քան կա՝ միանշանակ այդ մասին կարելի է մտածել». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր մանդատը վայր դնել-չդնելու հարցին։

«Եթե մանդատը վայր դնելը որևէ ձև լիցքաթափելու է իրավիճակը ու տանելու է ավելի լավ իրավիճակի, քան կա՝ միանշանակ այդ մասին կարելի է մտածել։ Բայց պետք է հասկանալ՝ արդյո՞ք դրանով որևէ հարց լուծվում է, ինքս այդ հարցի պատասխանն այս պահին չունեմ։ Մենք այսօր ինչո՞ւ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ արեցինք, որովհետև կան հարցեր, բյուջե հազար ու մի ֆինանսական կայունության խնդիրներ, որոնք չեն կարող աչքաթող արվել։ Ցանկացած որոշում կայացնելուց,  պետք է նաև այդ պատասխանատվությունը լինի, թե մեր քայլերը համապատասխանելո՞ւ է իրավիճակին, թե՞ ոչ։ Հիմա ես գտնում եմ, որ կտրուկ որևէ քայլը կարող է տանել շատ ավելի վատ հետևանքների։ Վատ հետևանքը, օրինակ, ֆինանսական կայունության փլուզումը, դա վատ հետևանքներից մեկն է»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Ըստ նրա, բոլոր վտանգավոր հետևանքները շատ լավ գիտակցում է, հետևաբար իր որոշումների վրա չի կարող ազդել որևէ բան, քան նրանից, ինչ ռիսկեր կարող են լինել։

«Այսինքն՝ որևէ բանից ո՛չ կառչած եմ, ՛ոչ էլ ինչ-որ մեկի խնդրանքով ինչ-որ բան պետք է անեմ։ Ինքս իմ որոշումները կայացնելու եմ՝ ելնելով իրադրությունից և հետագա զարգացումներից։ Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, բավականին ցավալի է, որևէ մեկը դրանով ուրախ ու երջանիկ չէ, այս ամենի մեջ ում մեղքի բաժինն ինչքա՞ն է՝ ամեն մեկն իր մեջ պետք է փնտրի։ Պատասխանատվությունից խուսափելու խնդիր չկա, ուզում եմ նշել, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է՝ բոլոր կատարվածի և չկատարածի»,- հավելեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ երկրում կա անկայունություն և, բնականաբար, առաջին քայլը պետք է լինի այդ անկայունության հաղթահարումը, որի շուրջ քննարկումներ են ընթանում։

«Այսօր էլ ահագին հանդիպումներ կլինեն, ընթացքում մենք էլ առանձին հանդիպումներ կունենանք, չի բացառվում, որ ԱԺ նիստերի դահլիճում մեծ քննարկում լինի, դրանից հետո արդեն ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի գրառմանը և հարցին, արդյո՞ք այնտեղ քաղաքացիական պատերազմ հրահրելու նշաններ տեսել է, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ քաղաքացիական պատերազմի նշաններ տեսել է այն ժամանակ, երբ մարդիկ հարձակվեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Կառավարության շենքի և ԱԺ պատգամավորների սենյակների վրա։

«Այդ բախումների վտանգը ես դեռ այն ժամանակ էի տեսնում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս