Շեկխար Կապուրը մտադիր է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել
Հնդիկ հայտնի կինոռեժիսոր Շեկխար Կապուրը մտադիր է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Ռեժիսորը մտադիր է մինչ նկարահանումները այցելել Երևան` հայերի ցեղասպանութան մասին նյութեր հավաքելու նպատակով:
Հայոց ցեղասպանութան թեմային նա որոշել է անդրադառնալ, երբ սցենարիստ Պուետրո Ռիքան Խոսե Ռիվերան իր սցենարը ուղարկել է նրան:
«Սցենարը իմ դուրը շատ եկավ: Բայց սա բարդ ծրագիր է, մեծ գումարներ է պահանջում, մեծ նվիրվածություն ու կազմակերպչական աշխատանք: Այնուհանդերձ, այդ ծրագիրը պաշտպանող ոգեւորված մարդիկ կան, այնպես որ, լիահույս եմ, որ ֆիլմը լույս աշխարհ կգա», – Zee News կայքի փոխանցմամբ, Կապուրն ասել է լրագրողներին` նշելով, որ նկարահանումները եկող տարվանից շուտ չեն սկսվի:
Անդրադառնալով հարցին` արդյոք մտավախություն չունի՞ այդպիսի զգայուն թեմայով ֆիլմ նկարահանելու համար, նա ասել է, թե ժամանակին երկրի բարձրագույն կաստայի, կառավարության ու կինոգրաքննության խորհրդի զայրույթին արժանացել է իր «Բանդիտ թագուհին» ֆիլմի համար, սակայն չի նահանջել, քանի որ պայքարում է այն բանի համար, ինչին հավատում է:
Նա նաեւ նշել է, որ թուրք հանրության մեջ առաջընթաց կա, նոր սերունդն արդեն խոսում է անցյալն ընդունելու մասին։
Շեկխար Կապուրն ասել է, թե հայերի ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամոթալի էջերից մեկն է:
«Այն հասարակությունը, որը դասեր չի քաղում իր պատմությունից, դատապարտված է կրկնելու իր սխալները: Որպես կինոռեժիսոր, պատմությունը ինձ համար գիտական ֆանտաստիկա է: Ես կարող եմ ստեղծել իմ սեփական աշխարհը»,- ասել է նա:
Վիճաբանություն առաջացնող թեմաները նորություն չեն Կապուրի համար: 2002 թվականին նա բրիտանական դեղին մամուլի թիրախում էր հայտնվել «Չորս փետուրները» նովելի սեփական մեկնաբանությամբ նկարահանված ֆիլմի համար: Մամուլը նրան մեղադրում էր հակաբրիտանական դիրքորոշման մեջ: Ֆիլմը բրիտանական զորքերի Սուդան ներխուժելու, Սուդանի իրադարձություններին միջամտելու մասին էր:
«Դա հակաբրիտանական չէր, այլ` հակագաղութատիրական: Ահա թե ինչու եմ նկարահանել այդ ֆիլմը: Ես ստեղծել եմ իմ տարբերակը, քանի որ նովելն ու նախորդ ֆիլմը պաշտպանում էին գաղութատիրությունը»,- ասել է Շեկխար Կապուրը:
66-ամյա ռեժիսորը հիմա ավարտին է հասցնում «Պաանի» ֆիլմը, որը ծովային ճակատամարտի մասին է:
Մի շարք ֆիլմերի հեղինակ կինոռեժիսորին ճանաչում է բերել «Բանդիտ թագուհին» ֆիլմը, որի նախակերպարը իրական կին հանցագործ էր:
Շեկխար Կապուրը հնդիկ միակ ռեժիսորն է, որը մեծ հաջողության է հասել Հոլիվուդում: 1998 թվականին համաշխարհային էկրան բարձրավ նրա «Եղիսաբեթ» պատմական ֆիլմը: Եղիսաբեթ առաջին թագուհու մասին ֆիլմը նա նկարահանել է Հոլիվուդում: Գլխավոր դերակատարուհի Քեյթ Բլանչեթն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, իսկ ֆիլմը «Օսկար» է ստացել լավագույն գրիմի համար:
Կինոհանդիսատեսը լավ ընդունեց նաև 2007-ին նկարահանված «Եղիսաբեթ. Ոսկե դարը» ֆիլմը: