Բաժիններ՝

Հայկական գործոնը` Անկարայի և Մոսկվայի հարաբերակցությամբ

Հալեպում Սուրբ Գևորգ եկեղեցու և հարակից ազգային կենտրոնների հրկիզումից, ինչպես նաև զինյալ խմբավորման կողմից հայերի առևանգումից հետո, համատարած մտահոգությունը կենտրոնացել է սիրիահայ գործոնը թիրախավորված լինելու հավանականության վրա: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին հստակ պատասխանատու նկատելու խնդիրն է, այլ դեպքերը անպայման պատահականության չվերագրելն ու ընդհանուր իրավիճակի մեջ արձանագրվող պատահարները առանձնացնելը:

Անտրամաբանական չէր այս մտահոգության տարածումը, մանավանդ, որ Անկարան ոչ թե սոսկ օժանդակողի, քաջալերողի և հովանավորի կարգավիճակում է, այլ ուղղակի ներքաշված է ներսիրիական պատերազմում:

Համակողմանի հայտարարություններ և մեկնաբանություններ, նույնիսկ արևմտյան նշանավոր մամուլի վերլուծաբաններն ուղղակի շեշտում են Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրառած քաղաքականության ամլության մատնված լինելը: Սահմանակից պետությունների հետ խնդիրները վերացնելու Անկարայի կողմից պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականության այս առաջնային օրակարգը, այս պահի դրությամբ փաստորեն տվել է ճիշտ հակառակ արդյունքը:

Հարևան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա: Ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզման երևույթով: Տարածաշրջանում իր հեղինակության համար պայքար մղող Ռուսաստանի հետ ինքնաթիռների հարկադիր վայրէջքներով սկսված լարվածությունը նկատելի աստիճանաչափ նվաճել է արդեն և փոխադարձ հատարարությունները հատել են սպառնալիքների սահմանը: Մոսկվան, թուրք զինվորի Սիրիա մուտքը համարել է համազոր նրա` ռուսական տարածք մուտք գործելուն, պարզ դարձնելով, որ Մոսկվան չի կարող ձեռնածալ դիտել թուրքական բանակային ջոկատների ազատ գործունեությունը սիրիական տարածքում:

Միջազգային ընտանիքի կողմից որոշակի արտաքին ռազմական միջամտության մինչ այժմ անտեսանելիությունը և դրա զուգահեռ երևութապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, ստեղծել են արևմտյան ուժերի վճռորոշ դերակատարության շուրջ մառախուղ:

Այս պայմաններում հանգուցալուծման ներկա ճնշամիջոցները  կենտրոնացել են Ռուսաստան-Թուրքիա պարանաձգության վրա: Պարզեցնելով հարցը` իշխանության պահպանումը ռուսական առաջադրանք, իշխանափոխությունը` թուրքական նպատակ: Թուրքիայի աքիլեսյան գարշապարը այս դեպքում իր դիմագրաված ներքին խնդիրներն են, որոնք անմիջականորեն կապված են Սիրիայի զարգացումների հետ: Ի տարբերություն Ռուսաստանի, որ նման խռովություններ չի դիմագրավում:

Անկախ քրդական շարժումներից և ալավիների հետզհետե զանգվածայնացող բողոքի ցույցերից, դիտարժան են Թուրքիայի Հանրապետության նշման օրվա հասարակական պոռթկումի դրսևորումները, որոնք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը: Թուրքիայի Հանրապետության օրվա նշման հետևում կանգած իրականությունների վերլուծումն ու մեկնաբանությունները գրավեցին միջազգային մամուլի և վերլուծաբանների ուշադրությունը, որոնք Անկարայի հետագա կարգավիճակի համար, մեղմ ասած, փայլուն պատկերացումներ չունեին:

Թուրքիան ուրեմն միաժամանակ թե՛ արտաքին մակարդակի վրա և թե՛ ներքին դիմագրավում է շատ սուր խնդիրներ և, ըստ երևույթին, այս օրերին կնախընտրի չհանկերգել իր հայտարարած արտաքին քաղաքականությունը ինքնաբնութագրող «Զրո խնդիրներ» կարգախոսը:

ժամանակի թավալումը և հատկապես աշխարհաքաղաքական գերտերությունների անհամաձայնությունը սիրիական հանգուցալուծման պատկերացման շուրջ համոզում են, որ Սիրիան արաբական գարնան մեկ օղակը հանդիսանալու կարելիությունից հեռու է այլևս: Սիրիան փաստորեն ընթանում է ա՛յլ ուղղությամբ, քան այն ուղին, ուր իրար հետևից անցան Թունիսն ու Եգիպտոսը. կամ կարող են դեռևս անցնել արաբական այլ երկրներ:

Սիրիահայությունը, հակառակ այս իրողություններին, իր կրած մարդկային և նյութական վնասներին, շարունակում է  պաշտոնական հայտարարություններով թե իրողապես գետնի վրա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ներքաշվելը մերժող դիրքերից հանդես գալ, քանդման, ավերման և քաղաքացիական ընդհարումների ընտրանքը բացառել:

Սիրիայի քրդերն ու քրիստոնյա համայնքները այս բոլոր թոհուբոհում գրավում են տարբեր ուժերի ուշադրությունը: Ի տարբերություն այդ ազգաբնակչություններին, հայությունը միակն է, որ ունի պետություն, որ կոչված է մոտիկից հետևելու տեղի համայնքի իրավիճակին, ապրած դժվարություններին, դիմագրաված խնդիրներին և առհասարակ համայնքի հավաքական անվտանգության հարցին: Խնդիրը չի վերաբերում սոսկ Հայաստան հաստատված սիրիահայերին դյուրություններ ընձեռելուն:

Մեր ակնկալելիքը Հայաստանի պետությունից վստահաբար հաշվի է առնում Անկարայի և Մոսկվայի ներգրավվածության չափն ու տարողությունը և Երեվան-Անկարա կամ Երեվան-Մոսկվա հարաբերությունների այսօրվա պատկերը:

 Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս