Բաժիններ՝

ՀՕՖ-ի սաները մասնակցել են «ԲերքաԶորահավաքին»

Արցախում զոհվածների ընտանիքներին օգնելու միահամուռ պատրաստակամությամբ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» սաները հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Այգավան գյուղում մասնակցել են բերքահավաքի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կենտրոնի սոցիալական աշխատող Մարիամ Մազմանյանը նշեց, որ երեխաներն ամեն կերպ փորձում են իրենց ներդրումն ունենալ թե՛ ռազմաճակատում՝ օրուգիշեր գործելով պաշտպանիչ ցանցեր, թե՛ այստեղ:

«Երբ պատահաբար համացանցում կարդացինք «ԲերքաԶորահավաք» նախաձեռնության մասին, անմիջապես հավաքվեցինք ու վաղ առավոտյան մեկնեցինք Այգավան: Բանակին աջակցելու գաղափարը շատ էր ոգևորել Կենտրոնի երեխաներին ու մեզ. այդպես, որոշեցինք միանալ նաև այս բարի գործին»,- ասաց Մարիամը:

Երեխաները Այգավանում հավաքել են Անդրանիկ պապիկի բերքը՝ շուրջ 170 կգ պղպեղ, որը դաշտում էր մնացել, քանի որ նրա աղջկա ամուսինը վերջերս է զոհվել՝ Արցախը պաշտպանելու ժամանակ:

«Մենք փորձեցինք գնել մեր հավաքած բերքը, բայց Անդրանիկ պապիկը կտրականապես մերժեց ու ասաց. «Տարեք սա զինվորին: Այսքանն է ունեցածս, էլի բերք ունենայի, ամբողջը կտայի»,- ասաց Մարիամը:

Նա ընդգծեց, որ բերքը տեղափոխել են Երևան, որտեղից էլ տանելու են Արցախ ու Հայաստանում ապաստանած ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս