Նուշով կոճղ
Բաղադրիչներ՝
• շերտավոր խմոր 750 գ (առանց թթխմորի)
• նուշ 100 գ
Եփովի կրեմի համար՝
• կաթ 1 լ
• ալյուր 4 ճ/գ
• ձվի դեղնուց 4 հատ
• շաքարավազ 3/4 բաժակ կամ 130 գ
• վանիլին
• կարագ 150 գ
• խտացրած կաթ 4 ճ/գ
• 1 կիտրոնի կեղև կամ նարնջի կեղև
Պատրաստման եղանակը՝
Շերտավոր խմորը գրտնակել, կտրել 1,5-2 սմ չափի զոլերի, ինչպես ցույց է տրված նկարում։ Դասավորել տապակի մեջ, թխել 180°-ում 12 րոպե։
Այս ընթացքում եփել կրեմը։ Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած և սիրած կրեմը։ Այս բաղադրատոմսով կաթսայի մեջ լցնել ալյուրը, ապա բարակ շիթով և անընդհատ խառնելով՝ ավելացնել կաթը, ավելացնել դեղնուցները, հետո՝ շաքարավազը։ Եթե քաղցրի սիրահար եք, կարող եք լցնել 1 բաժակ շաքարավազ։ Դնել կրակի վրա, անընդհատ խառնել, մինչև թանձրանա։ Վերցնել կրակի վրայից, թողնել սառի։ Սառելուց հետո ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը և հարել հարիչով։ Ավելացնել վանիլինը, կիտրոնի կեղևն ու խտացրած կաթը։ Խտացրած կաթը կարող եք ավելացնել՝ ըստ ցանկության։
Հավաքել տորթը՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Եփած խմորի զոլերն իրար կողքի դասավորել, վրան քսել առատ կրեմ, ցանել շերտատած նուշ, նույնը կրկնել այնքան, մինչև զոլերը վերջանան։
Վերջում տորթը փաթաթել սննդի տոպրակով, կողքերը ոլորել կոնֆետի նման և դնել սառելի։ Ցանկալի է սառնարանում պահել ողջ գիշեր։ Հեռացնել սննդի տոպրակը զգույշ, վրան ցանել նուշի փաթիլներ և մատուցել։