Վերջնահաշվարկ չկատարելու մասին հարցերը գերակշռում են. ԱԱՏՄ-ի աշխատանքային իրավունքի ահազանգերը
Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, հուլիս ամսից սկսած, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։ Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ: Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում․տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ։ Ուշագրավ է, որ դիմումատուների զգալի մասն աշխատանքային իրավունքին առնչվող իր բողոքը ներկայացնում է իր և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո»,-նշված է հաղորդագրության մեջ: