Մենք պետք է օգտվենք՝ ինչպես արաբական աշխարհում, այնպես էլ՝ Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ եղած վերաբերմունքից․ Արաբագետ

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը:

Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։

Օրերս էլ համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե Սաուդյան Արաբիան արդեն սկսել է իր տարածքներից 300,000 թուրքի վտարման գործընթացը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը 168.amի հետ զրույցում խոսելով Սաուդյան Արաբիա-Թուրքիա հարաբերությունների, դրանց լարվածության մասին՝ ասաց, որ այն շարունակվում է արդեն մի քանի տարի։

«Հատկապես «Արաբական գարնան» գործընթացներից հետո միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում այս երկու մրցակից դերակատարները, որոնք մուսուլմանական աշխարհում առաջնորդելու մրցակցության մեջ են, հստակ շահերի բախում ունեցան․ օրինակ՝ Եգիպտոսում, երբ Սաուդյան Արաբիան աջակցում էր գործող իշխանությանը, իսկ Թուրքիան և, նրա հետ միասին, Կատարն աջակցում էին Մուհամադ Մուսրիի գլխավորած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից գլխավորած կառավարությանը։ Այս նույն մրցակցությունը դրսևորվեց սիրիական հակամարտության ընթացքում։

Այսինքն, բոլոր այն երկրներում, որտեղ հստակ գաղափարական բախում կար, իսկ այն հետևյալ հիմքի վրա էր․ Թուրքիան, Կատարը աջակցում էին «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպությանը և փորձում էին արաբական երկրներում ստեղծված քաղաքական խմորումներից օգուտ քաղել, իշխանության հասնել հեղափոխական թոհուբոհում գտնվող արաբական երկրներում՝ Եգիպտոս, Թունիս, Սիրիա։

Երկկողմ՝ Սաուդյան Արաբիա-Թուրքիա հարաբերությունները սրվեցին հատկապես 2017թ․կատարյան ճգնաժամից հետո, երբ Թուրքիայի անմիջական և համակողմանի աջակցությամբ Կատարը կարողացավ ըստ էության փրկվել Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի մյուս միապետությունների և արաբական մի շարք այլ դերակատարների կողմից իր դեմ հայտարարված շրջափակման քաղաքականությունից։

Գագաթնակետին հասավ 2018թ․հոկտեմբերին, երբ Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, սպանվեց սաուդյան այլախոհ Ջամալ Խաշոկջին, և Թուրքիայի իշխանությունները դրանում մեղադրեցին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ, արքայազն Մուհամադ Իբն Սալմանին։ Այսինքն, լարվածությունը, որին մենք այսօր ականատես ենք լինում, որոշակի առումով ոչ միայն՝ միջպետական, այլև՝ միջանձնային է, Սաուդյան Արաբիայի արքայազնի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև լարվածության, անգամ անձնական թշնամանքի հետևանք է։ Սրանով է պայմանավորված Սաուդյան Արաբիայի կողմից համակողմանի ճնշումների և պատժամիջոցների քաղաքականությունը, որը փորձ է արվում ավելի շատ հասարակական, հանրային մակարդակում իրականացնել, քան միջպետական՝ խուսափելով հարաբերությունների ավելորդ սրումից»,- մանրամասնեց Արմեն Պետրոսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրավիճակում արաբական աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, արաբագետը պատասխանեց․

«Քանի որ խնդիրը Թուրքիայի և արաբական մի շարք երկրների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և դրանց համախոհ այլ երկրների միջև է, հայ-ադրբեջանական հակամարտությունն արաբական երկրների կողմից դիտարկվում է՝ որպես հերթական կոնֆլիկտ, որին մասնակից է Թուրքիան։

Ըստ էության, արաբական հիմնական դերակատարների արձագանքն ավելի շատ Թուրքիայի ապակայունացնող և նաև միջազգային ահաբեկչության հնարավորությունների կիրառմամբ ընթացող հերթական հիմնախնդիրն է։ Արաբական երկրների հակաթուրքական քաղաքականությունը, քարոզչությունն ու դիրքորոշումը բացառապես Թուրքիայի ապակայունացնող դերը հերթական անգամ ընդգծելու ուղղության տրամաբանության մեջ է։ Մենք պարզապես պետք է օգտվենք՝ ինչպես արաբական աշխարհում, այնպես էլ՝ Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ եղած վերաբերմունքից, տարբեր պետությունների դիրքորոշումից, քաղաքականությունից և համադրելով ընդհանուր շահերը՝ փորձենք առավելագույն օգուտը քաղել, իսկ դա կարող է լինել հայկական համայնքի ներգրավմամբ, հակաթուրքական քաղաքական դիրքորոշմանն աջակցելով, Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքի բորբոքման քաղաքականության դեմ աշխարհի տարբեր դերակատարների ներգրավմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս