Երևանի թիվ 1 տուն ինտերնատում և Խարբերդի մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում և մանկատներում կորոնավիրուսի թեստավորում է իրականացվել: ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսով վարակակիրներ կան իրենց ենթակայության ներքո գործող միայն 2 հաստատությունում:

«Երևանի թիվ 1 տուն ինտերնատում 7 շահառու և 6 աշխատակից վարակված է կորոնավիրուսով: Թեստերի պատասխանները ստացվել են հոկտեմբերի 31-ին, աշխատակիցները մեկուսացված են: Աշխատակիցների վարակման դեպքեր ունենք Խարբերդի մանկատանը: Թեստերի պատասխաններն այսօր են եկել, դրական է եղել աշխատակիցներից 13-ի թեստի պատասխանը, այսինքն՝ այստեղ շահառուների վարակման դեպքեր չունենք, աշխատակիցները մեկուսացված են»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե այս ընթացքում տվյալ հաստատություններում տեսակցությունների արգելքը գործե՞լ է, Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց, որ այո, հաստատությունները փակ են եղել:

«Խարբերդի մանկատան պարագայում շահառուների շրջանում վարակման դեպքեր չունենք, սա նշանակում է, որ աշխատակիցներն իրենց հերթափոխը հանձնել, գնացել են տուն, այնտեղ են վարակվել: Իսկ թիվ 1 տուն-ինտերնատի պարագայում մենք այս օրերին Արցախի ծերանոցներից եկած տարեցների ենք ընդունել, կան նաև մարդիկ, ովքեր ընտանիքների հետ են գալիս, բայց վատառողջ են, կամ հոգեկան առողջության  խնդիր ունեն, կամ հաշմանդամություն ունեն, որ ժամանակավոր կացարանում չեն կարողանում իրենց մասին հոգ տանել, բերում ենք այստեղ»,- ասաց Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս