Բաժիններ՝

«Հաշվի առնելով նախորդ գրառման արդյունքում անձնական նամակներս՝ օրենքի կարգավորումները ներկայացնում եմ ավելի մանրամասն». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով նախորդ գրառման արդյունքում անձնական նամակներս՝ օրենքի կարգավորումները ներկայացնում եմ ավելի մանրամասն․

⛔️ Ռազմական դրության ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: (ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ):

⛔️Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գուքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառների պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձինք (այսուհետ` իրավասու պաշտոնատար անձինք) առաջարկում են գույքի օրինական տիրապետողին` գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:

⛔️Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) պետության պարտականությունը, ինչպես նաեւ նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

⛔️Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաեւ բանավոր (այդ թվում` կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով` զուգահեռաբար այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (առանձնացված բաժնում): Առաջարկում (բանավոր եւ գրավոր) սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում` նաեւ ձեւը:

⛔️Գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն:

⛔️Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում` գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով: Ընդ որում, առաջարկին սահմանված ժամկետում որեւէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը կամովին հանձնելուց հրաժարում:

⛔️Սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու եւ գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

⛔️Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս