«Շարժեր, կուտակումներ ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց իրավիճակը հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Կարող եմ ենթադրել, որ իր սեփական քաղաքացիների անվտանգությունից ելնելով»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։

Խորհուրդ է տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։

168.am-ի հարցին` ի՞նչ իրավիճակ է ՀՀ սահմաններում, վերը նշված որոշ հատվածներում, արդյո՞ք հակառակորդի կողմից շարժեր, կուտակումներ նկատվում են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Շարժեր, կուտակումներ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց իրավիճակը հանգիստ է այդ ուղղություններով ընդհանրապես: Այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, և թե որ ուղղությամբ կամ ուղղությունից են այդքան մոտեցել, ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ խոսքը Սղնախ և հարակից գյուղերի մասին է, որը մոտավորապես 5-7 կմ հեռավորության վրա է:

168.am-ի դիտարկմանը` Արցախի նախագահը նշել է, որ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի ղեկավարը մարտակոչ է հնչեցրել:

«Դա նորմալ է, նման իրավճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈւ հրամանատարներն ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողությունները շարունակվում են: Մարտական գործողությունների բնույթը փոխվել է, և հակառակորդի հիմնական հարձակողական խոշորածավալ կարողություն ունեցող խմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն, փոքր խմբերը փորձելու են այսպիսի տեղանքում ինչ-որ բան անել: Եվ գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան, և եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններով դիվերսիոն գործողությունների, փորձերի և դրանց տապալման մասին, չի նշանակում, որ այլ ուղղություններով ուրիշ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է` դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը շատ կարևոր: Բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր և ամեն տեղ»:

Տեսանյութեր

Լրահոս