«Իրականում մեղրեցիների տրամադրությունը բարձր է, դուխ են տալիս սահմանում կանգնած զինվորին». Մեղրիի քաղաքապետ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների սկսելու 32-րդ օրն է:  Երկու օր առաջ  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսում հայտնել էր, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին։

168.am-ի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը վստահեցրեց՝ մեղրեցին ամուր կանգնած է իր հողին ու միտք չունի մեկ մետր անգամ զիջելու:

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Զաքարյան, ի՞նչ իրավիճակ, տրամադրություն է այս պահին Մեղրիում:

– Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ, ես այս պահին Երևանում եմ, բուժման մեջ եմ: 2-րդ վիրահատությունը վաղը պետք է արվի: Վիրավորումը ստացել եմ հոկտեմբերի 5-ին՝ Ջաբրաիլի գնդի հետգրավման ժամանակ, երբ որ Մեղրու գունդը գնացել էր Ջաբրաիլի զորամասը հետ վերցնելու: Հաջողությամբ հետ վերցրեցինք, բայց վիրավորվեցինք՝ ես, հրամանատարը, տեղակալը: Բեկորային վիրավորում եմ ստացել, դա բուժվել է: Մնում է կոտրվածքը: Հույս ունեմ՝ այս շաբաթ կապաքինվեմ ու կմիանամ տղաներին:

– Եթե բնակիչների հետ կապի մեջ եք, ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին Մեղրիում:

– Ամենօրյա կապի մեջ ենք: Այնտեղ աշխատակազմը գործում է, տեղակալները, բոլորն իրենց տեղում են: Ժողովուրդը, անհանգստությունը կա, ինչպես ամբողջ Հայաստանում, իհարկե, լարված է, բայց խուճապ և դրա նման երևույթներ իսպառ բացակայում են:

Մեր ժողովուրդը, ամբողջ արական սեռը, համարյա ամբողջությամբ զենքի տակ է, այսինքն, հիմնական մասը զինկոմիսարիատում որպես մոբիլիզացիոն ռեզերվ՝ զորակոչվել է և ծառայություն է տանում Ագարակի գնդում, գնդի տրամադրության տակ է, պոստերում են: Կան կամավորներ, ովքեր մոբիլիզացիայի ենթակա չեն տարիքի առումով, առողջության առումով, բայց նաև այդ խավից կան կամավորներ, և հանրագումարում, նորից եմ ասում, ազգաբնակչության արական սեռի 90 տոկոսը զինված է և ծառայություն է տանում:

– Ո՞ր հատվածներում են ծառայություն իրականացնում սովորաբար մեղրեցիները:

– Պատերազմի առաջին օրերից են մեղրեցիները մոբիլիզացվել:

Իմ կարծիքով՝ մեր մոտ ամենաճիշտ մոդելն է կիրառվել: Հենց առաջին օրվանից զորակոչվել են բանակ զինկոմիսարիատով, և իրենք դրվել են Ագարակի գնդի տրամադրության տակ: Եվ ըստ գնդի հայեցողության՝ գունդը, եթե գտնվել է Ջաբրաիլում, իրանց հետ միասին մեղրեցի զորակոչիկներն էլ, մոբիլիզացիոն զորակոչիկներն էլ, եթե եկել է արդեն Մեղրի, ուրեմն  հիմնականում Մեղրիում: Կարճ է տևել իրենց ուղևորությունը դեպի Արցախի Հանրապետություն:

– Իսկ Մեղրիի մյուս բնակիչները՝ իգական սեռի ներկայացուցիչները, տարեցները, ի՞նչ տրամադրություն ունեն:

– Իրենք ավելի ոգևորված են: Երիտասարդ են, աղջիկ են, ամեն ինչ անում են, պաշտպանիչ ցանցեր են գործում, թիկունքի աշխատանքներ են կատարում, հիվանդանոցին կամավորներով օգնում են, և այլն:

– Արձանագրենք, խուճապի մատնված չեն, հողը թողնելու մասին խոսք չկա:

– Իրականում մեր ժողովուրդը նույնիսկ 90-ականներին՝ առաջին արցախյանի ժամանակ, մեր մոտից ո՛չ արտագաղթ ա եղել, ո՛չ խուճապ: Մենք եթե տարիներով էդտեղ ապրել ենք՝ 3 կողմից սահման, ուրեմն մենք հոգեբանորեն պատրաստ ենք այս իրավիճակներին:

Հանգամանքների բերումով, նաև, որ 3 կողմից սահման ենք, դա բոլորն են հասկանում: Իրավասուները՝ նույնպես: Եվ էդ առումով ամենապաշտպանվածներից մեկն է Մեղրին: Մեր մոտ և՛ ռուսական սահմանապահներ կան, և՛ հայկական սահմանապահներ, և՛ մեր Ագարակի գունդն է: Գումարած, որ, նորից եմ կրկնում, ամբողջ ազգաբնակչությունը զինված է:

Իրականում մեղրեցիների տրամադրությունները բարձր է, դուխ են տալիս սահմանում կանգնած զինվորին:

Տեսանյութեր

Լրահոս