Արցախի ՄԻՊ-ը խնդրում է չտարածել հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ադրբեջանական տեսանյութերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խնդրում է չտարածել հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունք պատկերող տեսանյութերն ու լուսանկարները, որոնք պարբերաբար հրապարակում է ադրբեջանական կողմը: Այս մասին Բեգլարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները»,- գրել է Բեգլարյանը:
Արտակ Բելգարյանը նշել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում շարունակաբար փաստագրվում են այդպիսի դեպքերը և պատրաստում համապատասխան փակ զեկույցներ, ինչպես նաև տվյալները փոխանցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն ռազմագերիների ու դիակների վերադարձման ուղղությամբ:
«Սակայն կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝
- Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով.
- Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ.
- Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից.
Պետք չէ մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը: