«Կուզեի իմ երկրիս քիչ բան մը ծառայել». անխափան կապ զինվորին՝ վիրավոր ձեռքերով

Եթե պատերազմական այս օրերին չգիտեք՝ ինչպես օգնել սահմանում կանգնած հայորդուն, ապա կարող եք շտապել Պռոշյան 12: Այստեղ բոլորի համար անելիք կգտնվի:

Արդեն մի քանի օր է, Պռոշյան 12 հասցեում  հավաքված կամավորները 12 վոլտ հզորություն ունեցող սարքավորումները վերափոխում են 220 վոլտի, որ սահմանին կանգնած զինվորը հոսանքի խնդիր չունենա:

«Սահմանում քանի որ կան շատ տիպի սարքավորումներ, որոնք պահանջում են 220 վոլտանոց հոսանք, իսկ մարտական գործողությունների ժամանակ հոսանքի առկայությունը միշտ չէ, որ կա, այս սարքավորումներով կարող են ցանկացած մեքենայի մարտկոցից ստանալ 220 վոլտ և լիցքավորել իրենց սարքավորումները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Դերձյանը:

Այս ընթացքում 12 վոլտը 220 վոլտի փոխարինող 1500 սարքավորում են արդեն սահման ուղարկել, ավելի քան 1000 պատրաստի սարքավորում ունեն, օրական էլ կարողանում են պատրաստել 300-500 սարք, ինչը լիովին բավարար է:

Այստեղ կարելի է տեսնել ճերմակ մազերով տղամարդկանց, երիտասարդների, կանանց ու երեխաների: Բոլորն աշխատում են  սրտանց, հավատով ու սպասումով, որ օր առաջ վայելեն հաղթանակը:

Հաղթանակում իր ներդրումն ունենալու համար Բրազիլիայից Հայաստան է հասել 61-ամյա Հովսեփ Քիրեջյանը: Այս ընթացքում հասցրել է  մատները տեղ-տեղ վնասել, բայց ասում է, թե գործը սրտանց է անում:

«Սան Պաուլո կապրիմ, և, որ իմացանք, որ պատերազմ է, չէի կռնար հանգիստ մնալ, շատ փափագեցա գալ: Տարիքով մեծ եմ, բայց սրտով ալ մեծ եմ, կուզեի իմ երկրիս քիչ բան մը ծառայել: Շատ բան չէ իմ էրածս… 61 տարի դուրս ապրած եմ, բայց սա ինձ ուրախություն կուտա, որ կարամ քիչ մը վերջապես ծառայել իմ մեծ ազգիս, հայ ազգիս»,- մեզ հետ զրույցում պատմում էր Հովսեփ Քիրեջյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս