«ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չէ». Ստոլտենբերգն ու Սարգսյանը` հակամարտության լուծման մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկերներ են։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան դադարեցնի ներգրավվածությունը։
«Կա երրորդ կողմ, որն աջակցում է Ադրբեջանին դիվանագիտական ու ռազմական ուղղությամբ, մասնակցում է մարտական գործողություններին, տարածաշրջան է տեղափոխում ահաբեկիչներին։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ–ի անդամ է»,– ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը հայտարարել է, որ եթե Թուրքիան գիտակցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, դադարեցնի իր ներգրավվածությունը, կողմերը կկարողանան հասնել կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և կնստեն բանակցային սեղանի շուրջ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանումն ու հայտարարել` ՆԱՏՕ–ն Ղարաբաղյան հակամարտության կողմ չէ։
«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը ՆԱՏՕ–ի համար կարևոր գործընկերներ են։ Դաշինքին խորապես մտահոգում է կրակի դադարեցման ռեժիմի երկարատև խախտումը, ինչը մարդկային կորուստների է հանգեցնում»,– ասել է նա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ–ի և միջազգային հանրության համար կարևոր է, որ մարտական գործողություները դադարեն ու խաղաղ լուծում գտնվի։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: