Թուրքիան С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական կամ սիրիական սահմաններին. Al Monitor

Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերի մարտկոցները տեղակայել հայկական կամ սիրիական ուղղություններով, ինչի մասին գրում է Al Monitor պարբերականը՝ անդրադառնալով օրերս Թուրքիայի կողմից հիշյալ համակարգերի ենթադրյալ առաջին փորձարկմանը:

Հոդվածագիր Մետին Գուրկանը հիշեցնում է, որ С-400 համակարգերն օգտագործելու իր ձգտումներում Թուրքիան դեռևս ռիսկի տակ է ԱՄՆ զայրույթն իր վրա ուղղելու հարցում.Վաշինգտոնը վաղուց էր զգուշացնում իր դաշնակցին զերծ մնալ նման գործողություններից: Այնուամենայնիվ, թուրքերը, ըստ որոշ աղբյուրների, հոկտեմբերին փորձնական արձակումներ են իրականացրել սևծովյան ափն՝ Սինոփ քաղաքից ոչ հեռու:

«Հոկտեմբերի 16-ին այս շրջանում արձակման կադրերը վերլուծող փորձագետները նկատել են С-400 համակարգի 40Н6Е հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 400 կմ: Փորձարկումները, որոնք տևել են մոտ 6 ժամ, առավել կարևոր փուլ են 2019թ. նոյեմբերի զորավարժություններից հետո С-400 համակարգի տեղակայման համար: Այդ ժամանակ Թուրքիան օգտագործում էր ամերիկյան արտադրության F-16 և F-4 կործանիչներ»,- նշում է հեղինակը:

Գուրկանի խոսքով, նոր փորձարկումները հատում են խորհրդանշանական «կարմիր գիծը», որն անցկացրել է ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ: Այժմ ամբողջական կիրառումից առաջ վերջին քայլը կլինի Թուրքիայի ՌՕՈւ-ի մարտական կազմում С-400 համակարգերի պաշտոնական ներառումը, ամենայն հավանականությամբ, գնդի մակարդակով, ինչպես նաև դրանց օպերատիվ տեղակայումն ըստ ծառայության վայրի: Համակարգերից մեկը, հավանաբար, կմնա Անկարայում:

«Հաշվի առնելով Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի ռազմական հզորությունը՝ մյուս 2 մարտկոցները, հավանաբար, կտեղակայվեն այն շրջաններում, որոնք դուրս են գալիս դեպի ջրային տարածքներ: Չորրորդը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի կամ սիրիական, կամ հայկական սահմանի մոտ»,- ենթադրում է Գուրկանը:

Դեռևս 2019թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել էր Թուրքիային «լրացուցիչ պատժամիջոցների մասին»՝ F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրից երկիրը հեռացնելուց հետո: Նա ընդգծել էր, որ С-400 ձեռք բերելը «անըդնունելի» է:

Թարգմանությունը՝ tert.am-ի

Տեսանյութեր

Լրահոս