Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին
Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին: Հոկտեմբերի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։
«ԿԸՀ-ի անդամները հոկտեմբերի 21-ին որոշում ընդունեցին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին խորհրդարանի կրկնական ընտրություններ անցկացնելու մասին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ըստ նրա տեղեկատվության՝ սույն որոշումը կապված է այն բանի հետ, որ նախորդ քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր: Նախնական տվյալներով՝ դեկտեմերի 20-ին քվեարկության նախապատրաստման եւ անցկացման համար բյուջեից կհատկացվի 450 միլիոն սոմ (շուրջ 5,55 միլիոն դոլար):
Ղրղզստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 4-ին, դրանց մասնակցել են 16 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: 7-տոկոսանոց արգելքը հաղթահարել կարողացել են դրանցից սոսկ չորսը: Հաջորդ օրը պարտված կուսակցությունների կողմնակիցները հանրահավաքներ են կազմակերպել մայրաքաղաքում, ինչից հետո սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք հետագայում հանգեցրել են Կուբաթբեկ Բորոնովի գլխավորությամբ կառավարության հրաժարականի եւ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի պաշտոնաթողության:
Տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքները ճանաչեցին անվավեր, քանի որ դրանց անցկացման ժամանակ կուսակցություններն զբաղվել են ընտրողների զանգվածային կաշառմամբ:
Ներկայումս Ղրղզստանի խորհրդարանի կազմի մեջ, որն ունի 120 տեղ, մտնում են վեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Երկրի վարչապետ եւ նախագահի պաշտոնակատար նշանակված Սադիր Ժապարովն առաջարկում է իջեցնել ընտրական շեմն ընտրություններին մասնկցող կուսակցությունների համար: Այդ հարցը հոկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ նիստում կքննարկեն ներկայիս գումարման պատգամավորները, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: