«Հարցրեք վարչապետին». Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները որևէ տեղեկություն չտվեցին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպումը: Լրագրողները կառավարության շենքից դուրս եկող հանդիպման մասնակիցներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է քննարկվել, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Հարցրեք վարչապետին»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նույնպես մանրամասներ չհայտնեց հանդիպումից.
«Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ հանդիպման մանրամասներ ներկայացնեմ, եթե կառավարությունը հարկ համարի՝ պաշտոնապես տեղեկություն կտան»:
Հարցին, թե 16 կուսակցությունների հայտարարությանն անդրադարձ եղե՞լ է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Ես ասացի՝ քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը, մնացածը, եթե վարչապետը, կառավարությունը կգտնեն նպատակահարմար՝ կբացեն փակագծեր: Սա եղել է փակ հանդիպում, և մենք ավելացնելու բան չունենք»:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նույն պատասխանը տվեց, որ հանդիպումը փակ է եղել, մանրամասներ չի կարող հայտնել.
«Հանդիպումը փակ էր, ասելիք չունեմ»:
«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ ընդամենը տեղեկությունների փոխանակում է եղել.
«Որևէ քննարկում չի եղել: Այս պահին որևէ մեկնաբանություն չենք անում, կներեք»:
Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը նախորդել էր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, սակայն նրանք ևս հանդիպման մասին որևէ մեկնաբանություն չէին տվել Կառավարության շենքի մոտ հավաքված լրագրողներին:
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի այս հանդիպումը երկրորդն էր, նախորդ հանդիպումը 1 շաբաթ առաջ էր: