Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է ԼՂ իրավիճակի առնչությամբ 13 կուսակցությունների հայտարարությանը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցությունների հայտարարությանը: Տեր-Պետրոսյանը հայտարարությանն անդրադարձել է ի պատասխան iLur-ի հարցմանը:
«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:
Հոկտեմբերի 17-ին 13 քաղաքական կուսակցությունները դիմել ՀՀ կառավարությանը հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը.
- Ազատություն կուսակցություն
- Ազգային օրակարգ կուսակցություն
- Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն
- Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
- Երկիր Ծիրանի կուսակցություն
- Ժառանգություն կուսակցություն
- Համերաշխություն կուսակցություն
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
- Հայրենիք կուսակցություն
- Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
- Մեկ Հայաստան կուսակցություն