Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկները մեկնում են կրկին վերադառնալու պատրաստակամությամբ
Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների խումբը հոկտեմբերի 18-ին կվերադառնա Ֆրանսիա. Ֆրանսիայից ժամանած վիրաբույժներն ու բուժքույրերը հոկտեմբերի 13-ից կամավորական հիմունքներով աշխատել են Երևանի, Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում, աջակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու հարցում:
Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Լևոն Խաչատրյանը, խմբի որոշ անդամներ ունեն պատերազմական գոտիներում աշխատելու փորձ։ «Մեր թիմը ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում: Ինձ թվում է ինչ-որ չափով օգուտ տվեցինք, թե՛ մեր գործընկերներին, թե՛ վիրավորներին»,-ասում է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:
Անդրադառնալով վիրավորների վիճակին՝ նա տեղեկացրեց, որ շատերին երկարատև բուժում է հարկավոր: «Մեր թիմը ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում»- նշեց վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:
Նրան զարմացրել է վիրավոր զինվորների հպարտ կեցվածքը. շատերը հնարավորինս արագ մարտի դաշտ վերադառնալու ցանկություն են հայտնել:
Լևոն Խաչատրյանը հայտնեց, որ ֆրանսիացի բժիշկների խումբը ցանկություն ունի նորից վերադառնալ Հայաստան: «Վիրավորներից շատերը դեռ երկար են բուժվելու. նրանց կյանք վերադարձնելու համար բազմաթիվ բժշկական միջամտությունների կարիք կա: Մեր գործընկերների հետ եկանք համաձայնության, որ մոտ ապագայում նորից կայցելեն Հայաստան՝ անհրաժեշտ բժշկական միջամտություն կկատարելու համար»,- նշեց Լևոն Խաչատրյանը: