Հրեա ուսանողներն Իսրայելի կառավարությանը կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը

Հրեա ուսանողների համաշխարհային միությունն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Այս մասին ասված է միության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, և փոխարենը խաղաղարարի դեր ստանձնել»,- ասված է գրառման մեջ:

Կառավարությանն ուղղված բաց նամակում միության անդամները նշել են, որ իսրայելական արտադրության զենքերը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանային միջոցներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում և հանգեցնում զոհերի ու վիրավորների:

Ուսանողները նշել են, որ Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան ու հարձակման են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչները:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին` ճանաչել, որ 1915-1923թթ. 2-3 միլիոն հայերի, Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ Օսմանյան կայսրության ձեռքով իրականացվել է ցեղասպանությունը: Դա եղել է 2-3 միլիոն քաղաքացիական անձանց կանխամտածված և համակարգված մահապատիժ, այլ ոչ թե պատերազմական ակտ»,- նշված է նամակում:

Տեսանյութեր

Լրահոս