«Ստեփանակերտում մեր տան վնասը մեծ չէ, իսկ հիմա ամենակարևորը խաղաղությունն է»

Արզնիում ժամանակավոր բնակություն հաստատած  արցախցի ընտանիքին անհրաժեշտ է սնունդ և հագուստ: «Մեզ պարսկահայերի ընտանիք է օգնել, բերել այստեղ, որ ապրենք, մինչև պատերազմը վերջանա, ինչի համար իրենց շատ շնորհակալ եմ: Այս պահին, ճիշտ ասած, սննդի և հագուստի կարիք ունենք: 9 հոգով ենք, 5 երեխա կա՝ 2-13 տարեկան: Ինձ հետ նաև սկեսրոջս քրոջ թոռն է: Ստեփանակերտում մեր տան վնասը, իմ տեղեկությամբ, մեծ չէ, պատուհաններն են վնասվել, բայց հիմա ամենակարևորը խաղաղությունն է: Հաղթենք ու վերջ դնենք այս ամենին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մովսեսյանը:

Հարցին՝ դիմե՞լ են արդյոք համայնքապետարան, թե՞ ոչ, նա պատասխանեց՝ դիմել են, քանի որ շատ ցուրտ է, երկու տաք ծածկոց են բերել, 3 բարձ, ու ուղարկել են կարտոֆիլ, լոլիկ և վերջ:

Կոտայքի մարզպետարանից էլ մեզ հայտնեցին, որ ընտանիքն առաջին օրվանից  հաշվառվել է Արզնիի համայնքապետարանում:

Համայնքապետարանից սկզբում հարցրել են, թե ինչպիսի աջակցություն են ակնկալում, նրանք պատասխանել են, որ անկողնային պարագա է պետք, ինչը և տրամադրել են: Մի քանի օր անց դիմել են՝ ասելով, որ նպարեղենի, բանջարեղենի կարիք ունեն, ինչը նույնպես ուղարկվել է: Հագուստի համար ևս կանչել են, որպեսզի ընտրեն: Երեկ ևս սնունդ են ուղարկել:

Մարզպետարանից փոխանցեցին նաև, որ ընտանիքներին աջակցելը համայնքների գործառույթն է, մարզպետարանն էլ  ամենօրյա հսկողության ներքո է պահում, համայնքապետարաններին տեղեկացնում է, որ նման ընտանիք կա, գնան և հաշվառեն: Ասել է, թե՝ օգնության ծրագիր մարզպետարանը չունի, համայնքապետարանն է անում:

Տեսանյութեր

Լրահոս