«Հերթափոխից հետո F-16 ինքնաթիռների վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է Վրաստանի օդային տարածքով». Գարիկ Մովսեսյան

Թուրքական F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին:

Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ հավելելով, որ թուրքական ինքնաթիռներն այդ ժամանակահատվածում ակտիվ գործողություններ, ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Արցախի և ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով:

«Հիմնականում թիրախավորվել է Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, ինչպես նաև՝ Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել և մնացել են տեղակայված Գյանջա օդակայանում: Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, նրանց անձնակազմերի, տեխնիկական կազմերի հերթափոխ: Ընդ որում, վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով: Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են կատարել Վրաստանի տարածքով և վերատեղակայվել  իրենց հիմնական բազավորման օդակայան»,- մանրամասնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետը:

Ըստ նրա՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակողական գործողությունների հենց սկզբից թուրքական F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը:

«Մասնավորապես, սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ, ինչպես նաև՝ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում F-16 ինքնաթիռները խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6 կմ խորությամբ»,- մանրամասնեց ՀՕՊ մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս