«Մենք միասնական ու վճռական ենք այս բախտորոշ օրերին». Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը

«Սիրելի հայրենակիցներ,

Արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։

Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների, սակայն այս տարածաշրջանի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլ ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքերում` ամեն ինչ ներդնելով առաջնագծի ու թիկունքի ամրապնդման համար։

Սփոփելով մարզի շատ ընտանիքների կրած թանկ կորուստների համար և խոնարհվելով անմահ հերոսների հիշատակի առաջ, միաժամանակ գոտեպնդում ու քաջալերում եմ ձեզ, սիրելի գեղարքունիքցիներ:

Մեր այս սխրալի գոյամարտի, մեր վաղվա օրվա, հաղթանակի ու խաղաղության հանդեպ պետք է լցվենք անսասան կամքով եւ անխախտ հավատով։ Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան, մեր սերունդների հարատեւությունը։

Մենք միասնական ու վճռական ենք այս բախտորոշ օրերին և համոզված եղեք, որ հաղթանակ ենք կերտելու համազգային այսպիսի համախմբվածության շնորհիվ։
Մեր պայքարն արդար է և մենք հաղթելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս