«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 120 մլն դոլարի շեմը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 120 մլն ԱՄՆ դոլարի շեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ սա աննախադեպ գումար է, սակայն կան նաև խոշոր չափերի այլ հանգանակություններ, որոնք դեռ պետք է հաշվվեն և գումարվեն այդ թվին:
«Մինչ այս պահը մի աննախադեպ գումար է հավաքագրվել մոտ 120 մլն դոլար, կան նաև կիրակի օրվա թելեթոնի արդյունքում հանգանակված մեծ գումարներ, որոնք դեռ պետք է ստուգվեն և հաշվվեն: Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել, որովհետև չգիտենք, թե որքան է շարունակվելու այս պատերազմը: Հասկանում եք, թե ինչպիսի վնասներ է կրել Հայաստան աշխարհը և ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ»,- ասաց Սինանյանը:
Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը (1 ԱՄՆ դոլար), ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը (250 հազար ԱՄՆ դոլար), ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը (250 հազար դոլար) և այլք:
Նորայր Շողիկյան