Բաժիններ՝

Լիբանանը և Իսրայելը անցկացրել են ծովային սահմանի շուրջ բանակցությունների առաջին փուլը

Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչներն անցկացրել են ծովային սահմանի վիճելի տեղամասի սահմանազատման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին հաղորդել է լիբանանյան The Daily Star հրատարակությունը՝ վկայակոչելով զինվորական շրջանակների մի աղբյուր:

Այդ հարցի շուրջ կողմերի հաջորդ հանդիպումը պլանավորված է հոկտեմբերի 28-ին: Բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին դեռ չի հաղորդվում: The Times of Israel-ի տվյալներով՝ բանակցություններն սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին): Հաղորդագրություններում նշվում է, որ դրանք երեք տասնամյակի ընթացքում այս կարգի առաջին շփումներն են Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ:

Բանակցությունները կազմակերպվել են ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջնորդությամբ. դրանք անցկացվում են Լիբանանի հարավում՝ այս երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության բազայում: Իսրայելի պատվիրակությունը բաղկացած է վեց, Լիբանանինը՝ չորս մարդուց: Պաշտոնապես երկրները մնում են պատերազմական իրավիճակում, եւ ծովում սահմանի դեմարկացիայի խնդիրը հատկապես զգայուն է, որովհետեւ առափնյա ծանծաղուտում կարող են գտնվել ածխաջրածինների հանքավայրեր:

Ավելի վաղ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտնել էր, որ Լիբանանը եւ Իսրայելը մտադիր են կարգավորել ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում սահմանների շուրջ վեճերը. միեւնույն ժամանակ, նրա խոսքով, դրանք բանակցություններ չեն ծովի կամ հարաբերությունների կարգավորման շուրջ: Խոսքը տեխնիկական եւ տնտեսական խնդիրների լուծման մասին է: Բանակցություններ վարելու կողմերի պատրաստակամությունը ողջունել են Լիբանանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս