«Հյուսիսային ուղղությամբ այսօր տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկն ամբողջ պատերազմի ընթացքում». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն Արցախի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ առնվազն 3-4 ուղղություններով:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ և ծանր հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման` զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր երևի թե տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկն ամբողջ պատերազմի ընթացքում: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել` պատճառելով էական կորուստներ: Այս ընթացքում կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ և փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործունեությունները»,- նշեց նա` հավելելով, որ մնացած ուղղություններով ևս մարտական գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի:

«Չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը. հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել` դրոշներ պարզել տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնել առաջինն հերթին իրենց հասարակության վրա, և հետո նաև մեր: Խնդիրը հետևյալն է` երկարաժամկետ մարտական գործողությունների ընթացքում կոտրելով սեփական զինված ուժերի մեծ ներուժը, հարձակողական մարտերում նշանակալի, մեծ, էական առաջընթաց և հաջողություններ չունենալով Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով: Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները, մեծ հաշվով, մեծ գովելու բան չունեն: Տարրական ռազմական գիտելիքներ ունեցող ցանկացած օտարազգի փորձագետ կհաստատի դա: Եվ դրանից հետո ոչինչ չի մնում, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն բնակավայրեր, նկարվեն այս կամ այն շինությունների մոտ և հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի գյուղապետարան, քաղաքապետարան և այլն»,- հավելեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս